Մատչելիության հղումներ

Վարչապետ. Հարկային, մաքսային եւ սոցիալական մուտքերը գերակատարվել են 11,6 տոկոսով


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այս տարվա առաջին 6 ամիսների հարկային, մաքսային եւ սոցիալական մուտքերը գերազանցել են կառավարության ծրագրած ցուցանիշները 11,6 տոկոսով։

Խոսելով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում` Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2010 թվականի առաջին վեց ամիսների հարկային, մաքսային և սոցիալական մուտքերը կազմել են 270 միլիարդ դրամ։

«Դա նշանակում է, որ կկարողանանք ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը եւ նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի մեջ», - կառավարության հաղորդագրության համաձայն, ասել է վարչապետը՝ մանրամասնելով. - «Դա կլինի մոտավորապես 4.5 տոկոսի շրջանակներում` պլանավորված 6.5 տոկոսի փոխարեն»։

Տիգրան Սարգսյանը նաեւ անդրադարձել է տնտեսության համախառն ներքին արդյունքի 5 ամսվա արդյունքներով արձանագրված 8,8 տոկոս տնտեսական աճի ցուցանիշին։ Վարչապետը կարծիք է հայտնել, որ տնտեսության բոլոր ոլորտներում վերականգնման եւ աճի միտումները ոչ միայն համաշխարհային տնտեսության վերականգման, այլեւ, մասնավորապես, կառավարության իրականացրած ընդլայնողական քաղաքականության, փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձեւավորման, եւ կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականության արդյունք է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG