Մատչելիության հղումներ

Հունիսի 26-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը հարցնում է. - «Ի՞նչն է այդ չարաբաստիկ արտագաղթի իրական պատճառը։ Կարծիք կա, որ դրա պատճառն աշխատատեղերի պակասն է, սոցիալական ծանր վիճակը, պատերազմի վտանգը եւ այլն։ Սակայն մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրականում պատճառը անարդարություններն են։ Երբ մարդը քիչ է վաստակում, նա հույս ունի, ջանում է, որ մի օր ավելի շատ կվաստակի։ Երբ կարիքի մեջ է, մտածում է, որ այ այս գործը կձեռնարկի եւ կհասնի հաջողության։ Սակայն երբ տեսնում է, որ իր հարեւանին՝ ցույցերին մասնակցելու համար 3 տարի դատեցին, իսկ մյուս հարեւանը դանակահարեց մեկին ու պայմանական ստացավ, երբ իր գերազանցիկ աղջիկը քննություններից ցածր ստացավ ու մի կերպ ընդունվեց մանկավարժականի դպրոցական, իսկ նրա ծույլ համադասարանցին, որի հայրը կառավարությունում է աշխատում, «ամենապրեստիժնի» համարվող իրավաբանական, երբ ինքը ատեստացիայից կտրվեց, իսկ իր բութ պետին առաջ քաշեցին փոխնախարար, մտածում է՝ երթալը կփրկի»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Նախօրեին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է ընտրվել շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադը։ Սույն պարոն առավելապես հայտնի է նրանով, որ ԵԽԽՎ-ում ինչ հակահայկական փաստաթուղթ է հայտնվել (հատկապես Ղարաբաղի հարցով), անպայման նրա ստորագրությունը եղել է այդ փաստաթղթի տակ։ Այսինքն՝ կոնկրետ Ղարաբաղի հարցում այդ մարդն ակնհայտորեն ադրբեջանամետ է։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ նրա՝ Հայաստանի հարցով համազեկուցող դառնալուց հետո Եվրախորհրդի վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի նկատմամբ մեզ համար ավելի աննպաստ է դառնալու։ Իհարկե նշանակում է, բայց իրականությունն այն է, որ այդ վերաբերմունքն արդեն իսկ փոխվել է դեպի վատը, դրա համար էլ հենց Լինդբլադին են ընտրել»։

«Ժամանակ»-ը զրուցել է Եվրոպայի խորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտականությունները կատարելը կասկածի տակ դնող հայտարարության հեղինակ, ԵԽԽՎ-ի հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմտցիգտի հետ։ Նա ասում է. - «Հայտարարության նպատակը Հայաստանին հիշեցնելն էր այն պարտավորությունների մասին, որոնք Հայաստանը ստանձնել է ԵԽ-ի առջեւ։ Ինձ չափազանց մտահոգում են եւ շարունակում իմ ուշադրության կենտրոնում մնալ 2008-ի մարտին՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց ժամանակ պաշտոնական տվյալներով 10 մարդ սպանվեց, եւ որի բացահայտման ուղղությամբ աշխատանքները, ըստ էության, անարդյունք են եղել։ Ինձ մտահոգում է վերջերս «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի ազատազրկումը մի քանի օրով, ինձ հետաքրքրում եւ հուզում է Վահան Խալաֆյանի հետ կապված դաժան միջադեպը։ Մի երկրում, որտեղ հետընտրական զարգացումների հետեւանքով 10 մարդ է սպանվում, այդ երկրում մենք չենք կարող խոսել ժողովրդավարության մասին։ Եվ որեւէ առաջընթացի մասին չի կարող խոսք լինել, ինչի վկայությունն է նաեւ Հայաստանի մոնիտորինգի տակ գտնվելու փաստը։ Հայաստանը պետք է շատ զգույշ եւ շատ ուշադիր լինի այն փաստի կապակցությամբ, որ երկրում կարող են գոյություն ունենալ քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածներ։ Հայաստանը ականջալուր կլինի՞ այս հայտարարություններին, թե՞ ոչ, ես ասեմ, որ եթե դուք նայեք առաջին հայտարարությանը, որ արվեց, օրինակ, պարոն Խալաֆյանի սպանության կապակցությամբ, ապա դա տվեց իր արդյունքները։ Մարդիկ այսօր առնվազն ձերբակալված են, եւ անհրաժեշտ ճնշում գործադրելուց հետո կարող է գործը իսկապես արդար հուն տեղափոխվել»։

«Հայոց աշխարհ»-ը, անդրադառնալով Հայաստանի եւ Ավստրիայի արտգործնախարարների երեկվա ասուլիսին, գրում է. - «Մեր նախարարի խոսքից հընթացս պարզ դարձավ, որ Հայաստանը միջազգային հանրության հստակ դիրքորոշումն է ակնկալում Արցախի հիմնախնդրին առնչվող եւս մեկ հարցում, իսկ ավելի կոնկրետ՝ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու եւ այդպիսով նաեւ իսլամական աշխարհին դրա մեջ ներքաշելու Ադրբեջանի վտանգավոր նկրտումների վերաբերյալ։ Սկզբունքորեն, այն ակնկալիքները, որ մատնանշեց մեր երկրի ԱԳ նախարարը, ոչ միայն հիմնավորված են, այլեւ արդարացված։ Սակայն, մյուս կողմից, կարծում ենք, Չայլուի միջադեպին նույն այդ միջազգային հանրության լղոզված արձագանքը առնվազն հուշում է, որ մեր ակնկալիքները կա՜մ խիստ դիվանագիտորեն են ձեւակերպված, կա՜մ, այսպես ասած, ըմբռնումով։ Եվ ընդհանրապես, նման պայմաններում ավելի տեղին կլիներ ոչ թե ակնկալիքը, այլ հստակ ձեւակերպված պահանջը, որ միջազգային հանրություն ասվածը կոնկրետացնի իր կոչը։ Որովհետեւ ակներեւ երկերեսանություն ու պիղատոսություն է, երբ որեւէ հանցանքից հետո հանդարտության կոչ են անում եւ՜ հանցագործին, եւ՜ նրան, ում վրա հարձակվել է հանցագործը»։

«Ազգ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Որոշելո՞ւ եք, թե ի վերջո ընդդիմության որ թեւի հետ եք աշխատելու. ընդհանրապես` հետեւո՞ւմ եք ՀՀՇ-ում հիմա ընթացող գործընթացներին»։ Պատասխան. - «Նախ` ՀՀՇ-ում տեղի ունեցողը ներքին կուսակցական հարց է, եւ ես ընդամենը կարող եմ ասել, որ ե՛ւ Արարատ Զուրաբյանը, ե՛ւ Խաչատուր Քոքոբելյանը, համենայն դեպս ինձ համար, հարգարժան քաղաքական գործիչներ են եւ այդպիսիք մնում են: Ես չեմ կարծում, որ մամուլում ներկայացված այն տեղեկությունը, իբր իշխանական դաշտի ական են` իրականությանը համապատասխանում է, ես կարծում եմ՝ մրցակցային խնդիր է` անձերի շուրջը, եւ տակտիկական խնդիրների շուրջն անհամաձայնություն, իսկ նմանատիպ ածականներ տալն ինձ համար ընդունելի չէ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ընդդիմության ո՞ր ուժի հետ մենք կհամագործակցենք, դա նոր վարչության որոշելիքը կլինի: Մենք բոլոր այն հարցերում, որոնց վերաբերյալ համաձայնություն կա ընդդիմության այլ թեւի ներկայացուցիչների հետ (եւ նպատակն ըստ էության նույնն է), համագործակցել ենք, եւ հետագայում էլ բոլոր այն հարցերում, որտեղ փոխադարձ համաձայնություն կլինի` մենք կհամագործակցենք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG