Մատչելիության հղումներ

Մոսկվայում հայտնաբերվել է դանակի վերքերից մահացած լրագրողի մարմինը


Մոսկվայում հայտնաբերվել է դանակի վերքերից մահացած լրագրողի մարմինը. մահվան հանգամանքները առայժմ պարզ չեն:

«Հեռուստալրագրող Դմիտրի Օկերտի մահը ավելի վաղ է տեղի ունեցել, քան հայտնաբերվել է նրա մարմինը», - ուրբաթ օրը լրագրողներին ասել է Մոսկվայի դատախազության քննչական կոմիտեի ղեկավար Անատոլի Բագմետը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լրագրողը սպանվել է պարանոցին հասցված դանակի հարվածից։ «Էքսպերտ» մեդիահոլդինգի 26-ամյա հեռուստալրագրողի մարմինը ուրբաթ առավոտյան հայտնաբերվել է նրա բնակարանում, Մոսկվայի հարավային շրջանում։

«Ենթադրաբար կարելի է ասել, որ մահը վրա է հասել մարմինը հայտնաբերելուց մի քանի օր առաջ»,- ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության` ասել է քննչական կոմիտեի ղեկավարը։

Նա հայտնել է, որ քննիչները հիմա տեղազննություն են կատարում, հարցաքննում են վկաներին` պարզելու համար կատարվածի հանգամանքները։

«Մահվան հանգամանքները կպարզվեն դատաբժշկական հետազոտության միջոցով, որն այսօր արդեն նշանակված է», - ասել է Բագմետը։

Նրա խոսքերով` լրագրողի մարմնի վրա, պարանոցի շրջանում դանակի հարվածների հետքեր են հայտնաբերվել։

«Գործը հենց նոր է հարուցվել, աշխատում է Մոսկվայի քրեական հետախուզութունը, մեր լավագույն հետաքննիչները», - ասել է նա։

Հարցին, թե սպանությունը արդյո՞ք կապ ունի լրագրողի մասնագիտական գործունեության հետ, քննչական կոմիտեի ղեկավարը պատասխանել է, որ «այդ մասին խոսելը դեռ դժվար է, տեղի զննության արդյունքում դժվար է դատողություններ անել»։ Նա ասել է, թե կուսումնասիրվեն բոլոր վարկածները։

«Այս պահին ակնհայտ չէ, որ հանցագործություն է կատարվել», - հայտարարել է Մոսկվայի դատախազության քննչական կոմիտեի ղեկավարը։

Մինչ «Էքսպերտ» հեռուստաընկերությունը, Դմիտրի Օկերտը աշխատել է Էն-Տե-Վե եւ «Ռոսիա» հեռուստաընկերություններում։ Նա Մոսկվա էր տեղափոխվել Չելյաբինսկից, որտեղ աշխատել էր «Վեստի - Յուժնի Ուրալ» ծրագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG