Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ակտիվիստները նամակ են հղել ԵԱՀԿ-ի նախագահին


Հայաստան -- Ոստիկանները ձերբակալում են ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստի, 31-ը մայիսի, 2010թ.

Հայաստան -- Ոստիկանները ձերբակալում են ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստի, 31-ը մայիսի, 2010թ.

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդ ակտիվիստները իրենց ավանդական դարձած ուրբաթօրյա երթը սկսեցին Երեւանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից եւ հասնելով Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գրասենյակ՝ հանձնեցին նամակ, որն ուղղված է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւին:

Ակտիվիստները երթի ընթացքում կոչեր էին հնչեցնում՝ ազատ արձակել Դավիթ Քիրամիջյանին, ով ձերբակալվել է մայիսի 31-ին, Սարյանի արձանի պուրակից, երբ տեղի է ունեցել քաշքշուկ ոստիկանների հետ, ովքեր արգելել են երիտասարդներին անցկացնել ոչ զանգվածային խաղաղ բողոքի ակցիա Երեւանի Ազատության հրապարակում։

ԵԱՀԿ-ին ուղղված նամակում, Դավիթ Քիրամիջյանի եղբոր` Հովհաննեսի փոխանցմամբ, նշված է, թե 2003 թվականից ԵԱՀԿ-ն Հայաստանում ոստիկանության բարեփոխումների ծրագիր է իրականացնում, որոնք մշտապես գնահատում է հաջողված, այնինչ 2008-ի մարտի 1-ի եւ դրան հետեւած իրադարձությունները ապացուցել եւ մինչ օրս էլ ապացուցում են, որ Հայաստանի ոստիկանությունը հեռու է ժողովրդավարական պետությանը հարիր կառույց լինելուց։

«ԵԱՀԿ-ն ուղղակի հետամուտ չի լինում, որ իրենց բարեփոխումները իրական կյանքում արդյունք տան։ Դա է, մասնավորապես, վերջին դեպքը, երբ ոստիկանության ապօրինությունների պատճառով ձերբակալվեց Դավիթ Քիրամիջյանը», - հայտարարեց Հովհաննեսը։

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանության կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դավիթ Քիրամիջյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խուլիգանություն, որ կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, որի համար նախատեվում է դրամական տուգանք կամ ազատազրկում՝ մինչեւ 5 տարի ժամկետով։

«Այս պահին դեռ վաղ է խոսել, թե դատախազությունը ինչ պատիժ կպահանջի, որովհետեւ գործը նոր է ուղարկվել դատարան», - նշեց Տռուզյանը։

Պաշպանական կողմը հայտարարում է, որ Դավիթ Քիրամիջյանը անմեղ է, եւ պայքարը տարվելու է արդարացման դատավճռի համար: Պաշտպան Մելանյա Առուստամյանը պատրաստվում է մինչեւ դատաքննության մեկնարկը դատարան ներկայացնել Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու միջնորդություններ։

Սոնա Տռուզյանը նաեւ տեղեկացրեց, թե Հատուկ քննչական ծառայությունում առանձին ուսումնասիրվում է մայիսի 31-ի իրադարձությունների հետ կապված ոստիկանության գործողությունների համաչափության եւ օրինականության վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների համակարգող Վլադիմիր Կարապետյանի դիմում-բողոքը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG