Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը»


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ուրբաթ օրը մտահոգություն հնչեցրեց Հայաստանի սահմանների անվտանգության կապակցությամբ:

«Այսօր Հայաստանի Հանրապետության սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որոնք կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բաղդասարյանը: - «Եվ մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը»:

Ստեղծվել է, մասնավորապես, հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է երկրի սահմանային անվտանգության բարձրացման խնդիրներով: Վերջին կես տարվա ընթացքում այդ ուղղությամբ կատարվել է «մեծ ծավալի աշխատանք»:

Բաղդասարյանը հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կունենա սահմանային անվտանգության վիճակի բարելավման համալիր միջոցառումների փաթեթ. - «Մենք գտնում ենք, որ մեր սահմանները պետք է լինեն առավել անվտանգ, առավել անառիկ: Եվ մեր սահմանային ենթակառուցվածքները պետք է արդիականացվեն: Իսկ մեր սահմանային ենթակառուցվածքները, սահմանային անցակետերը, ցավոք, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտեց, որ Հայաստանն այս հարցում ունի իր գործընկերների` Ռուսաստանի Դաշնության եւ Եվրամիության (որոնք ներգրավված են Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում), լիակատար աջակցությունը:

Հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Բաղդասարյանն ասաց, որ «դատապարտում» է տեղի ունեցածը, բայց չի կարծում, թե դա կարող է խոչընդոտ հանդիսանալ բանակցային գործընթացը շարունակելու ճանապարհին. - «Հայաստանը հավատարիմ է խաղաղ բանակցային գործընթացի շարունակումը իրականացնելու ուղղությամբ, եւ մենք գտնում ենք, որ չպետք է տուրք տանք տարաբնույթ սադրանքներին, կազմակերպված դիվերսիոն գործողություններին եւ նաեւ անընդունելի ու դատապարտելի ենք համարում, երբ, մի կողմից, բանակցում են, մյուս կողմից` նման սադրանքների են դիմում: Բայց մենք բազմիցս ասել ենք, որ մեր զինված ուժերը գտնվում են բավարար մարտունակ վիճակում, եւ Հայաստանում այսօր տեղի են ունենում մեր պաշտպանության ոլորտի ռազմավարական վերանայման բարեփոխումների լուրջ աշխատանքներ»:

Արթուր Բաղդասարյանը դատապարտեց հասարակության մեջ տարածվող այն «արհեստական ասեկոսեները», թե շուտով պատերազմ է լինելու. - «Ուղղակի մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք բարդ տարածաշրջանում, ունենք չկարգավորված հակամարտություն, եւ սա նշանակում է, որ քանի դեռ տիրում է այս հարաբերական խաղաղության ժամանակաշրջանը, մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած ագրեսիայի դիմակայման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG