Մատչելիության հղումներ

Ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերաբեռնումը» հասավ տնտեսությանը


Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները 24 հունիս, 2010
Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները 24 հունիս, 2010

«Սառը պատերազմն ավարտված է, Մեդվեդեւը վերադարձրեց Ռուսաստանը Ամերիկա», - ռուս-ամերիկյան բանակցություններից, ձեռք բերված համատեղ պայմանավորվածություններից հետո մամուլն այսպես բնորոշեց Դմիտրի Մեդվեդեւի՝ Միացյալ Նահանգներ այցելության երեք օրերը:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերաբեռնումը» այս անգամ հասավ տնտեսությանը: Հինգշաբթի օրը կայացած համատեղ մամուլի ասուլիսում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հայտարարեցին, որ եկել է ժամանակը ուշադրությունն առավել շատ կենտրոնացնելու տնտեսական հարցերի վրա: Խոսքը վերաբերում է բարձր տեխնոլոգիաների եւ ատոմային էներգետիկայի ոլորտներում համատեղ աշխատանքին։

«Մենք ի վիճակի ենք համաձայնության հասնել ոչ միան հրթիռների եւ միջազգային օրակարգային խրթին հարցերի շուրջ, այլեւ տնտեսության», - ասաց Մեդվեդեւը:

Երկու երկրների ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել համատեղ ներդրումները խթանելու վերաբերյալ։ ԱՄՆ-ը Ռուսաստանին 50 Բոինգ տեսակի ինքնաթիռ կվաճառի։ Հանդիպման մեկ այլ արդյունք է այն, որ Ռուսաստանին հաջողվեց Վաշինգտոնի հետ համաձայնության գալ՝ Առեւտրի միջազգային կազմակերպությանն անդամակցելու հարցում: Նախագահ Բարաք Օբաման ընդգծեց՝ Ամերիկան նույնպես հետաքրքրված է, որ Ռուսաստանը անդամակցի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը:

«Նախկինում երկու երկրների միջեւ առավել շատ անվստահություն ու խնդրահարույց հարցեր կային, քան շփման եզրեր», - ասուլիսում նկատեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ընդգծելով. - «Հիմա հստակ է, որ երկու երկրների առջեւ համագործակցության նոր հնարավորություններ են բացվել»։

«Սառը պատերազմի ժամանակները հետեւում են, թեեւ որոշ միջազգային խնդիրների շուրջ, ինչպիսին է, օրինակ Վրաստանի հարցը, կան տարաձայնություններ», - ասուլիսի ժամանակ նկատեց Օբաման։

Մեդվեդեւը հավելեց՝ «հակասություն կա, բայց դա չի խանգարում համագործակցությանը»:

Մեդվեդեւը եւ Օբաման ճաշում են արագ սննդի ռեստորանում
Ընդհանրապես հանդիպումը բավական ջերմ մթնոլորտում անցավ: Նախագահները պարբերաբար ընդգծում էին, որ խորհրդակցում են միմյանց հետ։ Մեդվեդեւը, մասնավորապես, ասաց, թե հենց Օբամայի հետ է իր նախագահության ընթացքում ամենաերկար հեռախոսազրույցն ունեցել:

Երկու նախագահները ճաշել են արագ սննդի մի փոքրիկ ռեստորանում, որտեղ, ինքնասպասարկման ավանդույթը չխախտելով, Օբաման վճարել է իր եւ Մեդվեդեւի «չիզբուրգերների», «կարտոֆիլ ֆրիի» համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG