Մատչելիության հղումներ

ՅՈւԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի գործը կարճվեց


Վասիլի Ալեքսանյանը դատարանի դահլիճում, 24-ը հունիսի, 2010թ.

Վասիլի Ալեքսանյանը դատարանի դահլիճում, 24-ը հունիսի, 2010թ.

Մոսկվայի Սիմոնովսկի շրջանային դատարանը կարճել է ՅՈւԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործը։

Գործը կարճվել է հանցանքի վաղեմության պատճառաբանությամբ։ Նման միջնորդություն ներկայացրել էր պաշտպանական կողմը, մեղադրող կողմը եւս չի առարկել գործի կարճմանը։

Ծանր հիվանդ Ալեքսանյանը մասնակցել է դատական նիստին եւ տվել է իր համաձայնությունը. նա չի առարկել, որ գործը կարճվի առանց ռեաբիլիտացիայի իրավունքի։

2006 թվականից անազատության մեջ գտնվող Ալեքսանյանը մեղադրվում էր ֆինանսական խոշոր չափի հափշտակություններ, մեքենայություններ կատարելու մեջ։ Նա չի ընդունել մեղադրանքը։

Իրավապաշտպանները պնդում են, որ Ալեքսանյանի գործը սարքվել է ՅՈւԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկու դեմ մեղադրանքները հիմնավորելու նպատակով։

Հասարակական գործիչ Իրինա Յասինան, մասնավորապես, ասել է, որ Ալեքսանյանի օրինակով իշխանությունները ցույց տվեցին, թե ինչ է լինում այն աշխատակիցների հետ, որոնք չեն դավաճանում իրենց ղեկավարներին։ Նա ընդգծել է, որ Ալեքսանյանի անհաջողության պատճառը միայն այն է, որ նա աշխատանքի էր անցել ՅՈւԿՕՍ-ում. - «Փայլուն կրթություն` Մոսկվա, Հարվարդ, իսկ հետո նա աշխատանքի անցավ ոչ այն ընկերությունում, որտեղ պետք էր։ Եթե նա աշխատեր «Լուկօյլ»-ում կամ Տյումենի նավթային ընկերությունում, նրա մոտ ամեն ինչ լավ կլիներ, իսկ նա գնաց ՅՈւԿՕՍ։ Սա էր նրա կյանքի անհաջողության պատճառը, գումարած, որ նա նաեւ բարոյական ինչ-ինչ սկզբունքներ է պահպանում։ Դրա համար էլ ստացավ այն, ինչ ստացավ»։

Ալեքսանյանի գործը, ըստ Յասինայի, արտացոլում է Ռուսաստանի արդարադատության համակարգում ստեղծված իրավիճակը. - «Դա հրեշավոր իրավիճակ է, որը չի կարող լինել ոչ մի քաղաքակիրթ երկրում։ Ինձ համար դառն է ասել, որ տվյալ դեպքում իմ հայրենիքը ցուցաբերում է միջնադարյան մեթոդներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG