Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տարբեր երկրներ ներկայացնող երկու տասնյակ խորհրդարանականների, այդ թվում Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ:

Ուրբաթ օրը ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված փաստաթղթում, մասնավորապես, ասված է, որ Հայաստանը չի կատարել Վեհաժողովի 2008 թվականի 1609 բանաձեւում ամրագրված մի շարք պարտավորություններ, այդ թվում` որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ 10 անձանց սպանության համար, ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են մնալ անազատության մեջ, իշխանությունները հրաժարվում են քննել 2008 թվականի մարտյան իրադարձություններում բանակի «ապօրինի» ներգրավման հանգամանքները:

Փաստաթուղթը ստորագրողները նաեւ մտահոգություն են հայտնում ընդդիմության երեք ակտիվիստների նկատմամբ նոր հետապնդումների առնչությամբ` նշելով, մասնավորապես, «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Անի Գեւորգյանի դեմ հարուցված գործը:

Փաստաթուղթը կոչ է անում Հայաստանի իշխանություններին բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել 10 անձանց սպանության համար մեղավորներին, ազատ արձակել «քաղաքական շարժառիթներով» դատապարտված բանտարկյալներին եւ թափանցիկ ու արժանահավատ հետաքննություն անցկացնել մարտի 1-2-ի դեպքերում բանակի ներգրավման առնչությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Զարուհի Փոստանջյանը, պատասխանելով հարցին, թե ինչ հետեւանք կամ ազդեցություն կարող է ունենալ փաստաթուղթը, ասաց. - «Միանշանակ է, որ այս հայտարարությունը ահազանգ է, որ այդ խնդիրները լուծված չեն, մնում են օրակարգում, եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հայտարարության տեսքով եւս մեկ անգամ ահազանգում է, որ նման խնդիրները պարտադիչ լուծում են պահանջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG