Մատչելիության հղումներ

Լրացավ Մայքլ Ջեքսոնի մահվան առաջին տարին


Մայքլ Ջեքսոն
Մայքլ Ջեքսոն

Այսօր փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մահվան առաջին տարելիցն է:

Այս առթիվ շոու բիզնեսի մի շարք հանրահայտ ներկայացուցիչներ կմասնակցեն CBS News հեռուստաալիքով հեռարձակվող The Early Show-ին` իրենց հարգանքի տուրքը մատուցելու փոփի արքայի հիշատակին:

«Առանց Մայքլ Ջեքսոնի երաժշտությունը այնպիսին չէր լինի, ինչպիսին հիմա է», - ասել է հանրահայտ երգչուհի Քրիստինա Ագիլերան, ով եւս կմասնակցի շոուին:

Ջեքսոնի երկրպագուները ծաղիկներ եւ հուշանվերներ են բերում նրա ընտանիքին պատկանող տուն:

Ջեքսոնի մահվան տարելիցը առանձին է նշելու նրա սպանության մեջ մեղադրվող բժիշկ Քոնրադ Մյուրեյը: «Մյուրեյը չի ցանկանում, որ մարդիկ ավելորդ անգամ վերհիշեն Մայքլի մահը, նա ուզում է, որ մարդիկ հիշեն կենդանի Ջեքսոնին», - ասել է բժշկի դատապաշտպանը:

Սրտաբան Մյուրեյը, որ բուժում էր փոփ երաժշտության արքային, մեղադրվում է ոչ կանխամտածված սպանության մեջ: Ինքը` բժիշկն իր մեղքը չի ընդունում: Ներկայումս նա գտնվում է ազատության մեջ, քանի որ ազատ է արձակվել գրավի դիմաց:

Մայքլ Ջեքսոնի մայրը` Քեթրին Ջեքսոնը YouTube-ում տեղադրել է իր վիդեոուղերձը, որում շնորհակալություն է հայտնել Մայքլի երկրպագուներին, ինչպես նաեւ շոուի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, ասելով, որ Մայքլի համար մեծ պատիվ կլիներ տեսնել, որ ամբողջ աշխարհն է հավաքվել իրեն հիշելու:

Մայքլ Ջեթսոնի 80-ամյա մայրը եւ երեք երեխաները փոփի արքայի մահվան առաջին տարելիցը անցկացնելու են Ջեքսոնի հայրենի Ինդիանա նահանգի Քերի քաղաքում:

«Ես փոքր-ինչ խիստ եմ վարվում թոռներիս հետ: Նրանք չունեն ընկերներ, չեն հաճախում դպրոց, մասնավոր դասեր են վերցնում տանը: Այս տարվա սեպտեմբերին նրանք առաջին անգամ դպրոց կգնան», - իր հիշողությունների գրքում, որ վերնագրված է «Չեմ կարող ասել բարով մնաս. Քեթրին Ջեքսոնի արխիվը», խոստովանում է Ջեքսոնի մայրը:

Փոփի արքան ոչ մի գրոշ չէր կտակել իր եղբայրներին եւ քույրերին, նաեւ` իր նախկին կանանց:

300 միլիոն դոլար կարողություն ունեցող երգիչը ունեցվածքի 40 տոկոսը թողել է իր երեխաներին, 40 տոկոսը` մորը, իսկ 20 տոկոսը հրահանգել է օգտագործել բարեգործական նպատակներով:

Այժմ էլ հայտնի է դարձել, որ Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո անցած մեկ տարում նրա ժառանգների կարողությունը ավելացել է մեկ միլիարդ դոլարով. 383 միլիոն ստացվել է նրա սկավառակների վաճառքից, 400 միլիոն` This Is It («Ահա եւ վերջ») վավերագրական ֆիլմից ստացված հասույթն է կազմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG