Մատչելիության հղումներ

Ղարաբաղա - ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած արյունալի միջադեպից մոտ մեկ շաբաթ անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել են Լեռնային Ղարաբաղ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հինգշաբթի օրը մեկնելով Ստեփանակերտ, Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, մասնակցել է նոր զորամասի բացման արարողությանը եւ այցելել է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են հունիսի 18-ին ադրբեջանական զինված խմբավորման հարձակման արդյունքում վիրավորված զինվորները: Բաբայանը նաեւ հայտնեց, որ վիրավորված զինծառայողները ապաքինվում են եւ պահպանում են բարձր մարտական ոգի։

Հինգշաբթի օրը ավելի վաղ Լեռնային Ղարաբաղ էր մեկնել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ։ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերին եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

Հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի իրականացրած հարձակման արդյունքում հայկական կողմից զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել է եւս 4-ը։ Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով 1 դիակ։
XS
SM
MD
LG