Մատչելիության հղումներ

logo-print

Մոնիթորինգ. Հայաստանի դպրոցներում եւ մանկապարտեզներում երեխաներն անորակ սնունդ են ստանում


Հայաստան -- «Սպառողների իրավունքների պաշտպանության» (աջից) եւ գյուղնախարարության (ձախից) ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը, Երեւան, 24-ը հունիսի, 2010թ.

Հայաստան -- «Սպառողների իրավունքների պաշտպանության» (աջից) եւ գյուղնախարարության (ձախից) ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը, Երեւան, 24-ը հունիսի, 2010թ.

Հայաստանի դպրոցների եւ մանկապարտեզների մեծ մասում երեխաներն անորակ, ժամկետանց, կամ վատ պայմաններում պահվող սնունդ են ստանում, փաստում է «Սպառողների իրավունքների պաշտպանության» եւ գյուղնախարարության կողմից հանրապետության շուրջ 450 դպրոցներում եւ մանկապարտեզներում անցկացված համատեղ մոնիթորինգը։

«Սառնարանային պայմանների բացակայություն կա», - հինգշաբթի օրը, լրագրողներին ներկայացնելով մոնիթորինգի արդյունքները, ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը՝ ընդգծելով, որ ամենատարածված խնդիրն այն է, որ շուտ փչացող մթերքը սառնարաններում չեն պահվում։

Ուսումնասիրված 442 դպրոցներից եւ մանկապարտեզներից 376-ի բուֆետներում ու ճաշարաններում մոնիթորինգային խումբը հայտնաբերել է սննդամթերքի անվտանգությանն առնչվող բազմաթիվ խախտումներ, ժամկետանց սնունդ, պահպանման անթույլատրելի պայմաններ։

Գյուղնախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության Սննդի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանի խոսքով, խախտումները մարզերում առավել ակնառու են։

Չնայած արձանագրված խախտումներին, Վարժապետյանի խոսքով, իր ղեկավարած բաժինը սննդի անվտանգության ստուգումներ եւ պատժամիջոցներ կիրառելու իրավասություն չունի։ Բանն այն է, որ Կառավարության որոշմամբ, 2009 թվականից մինչեւ 200 միլիոն դրամ շրջանառություն ունեցող առեւտրի կետերում տեսչական ստուգումները ժամանակավորապես կասեցվում են։ Կառավարության այս քայլը պայմանավորված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում փոքր տնտեսավարողների գործունեությունը հեշտացնելու անհրաժեշտությամբ։

«Մոնիթորինգի արդյունքում կազմակերպություններ չեն տուգանվել, տեսուչների կողմից տրվել են պարտադիր կատարման ենթակա ցուցումներ եւ առաջադրանքներ», - նշեց Սննդի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը։
XS
SM
MD
LG