Մատչելիության հղումներ

logo-print

Արզումանյանը կոչ է անում հետաքննել Ղարաբաղում 4 հայ զինվորների մահվան հանգամանքները


Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կոչ է անում հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչն էր պատճառը, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից շաբաթ օրը Մարտակերտի շրջանում իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում 4 հայ զինվոր զոհվեց։

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնենք բանակի ներքին կարգապահության վրա։ Մեր երեխաներն են այդ բանակում ծառայում, եւ որեւէ մեկի անփույթ կամ ոչ պրոֆեսիոնալ գործողության պատճառով մեր երեխաներն են զոհ դառնում», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը։

Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները, բանակի հրամանատարությունը Ադրբեջանի բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ չարախնդալու փոխարեն պետք է թափանցիկ հետաքննություն անցկացնեն՝ պարզելու համար, թե ինչն էր պատճառը, որ հաջողվեց ադրբեջանական կողմի այս դիվերսիոն գործողությունը:

Հունիսի 18-ի 21-ը Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմից զոհվել է 4, ադրբեջանական կողմից՝ 2 զինծառայող։

«Միջազգային հանրության չեզոք արձագանքը»


Հայաստանի նախկին արտգործնախարարը հատկապես մտահոգիչ է համարում միջազգային հանրության «չեզոք արձագանքը» Ղարաբաղի պաշտպանության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

«Այս պարագայում ակնհայտ է զինադադարի խախտող կողմը, եւ նման մեղմ, չեզոք, կամ ոչինչ չասող հայտարարությունները մի քիչ տարակուսելի են», - ասաց Արզումանյանը՝ համոզմունք հայտնելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղյակ էր նախապատրաստվող դիվերսիայի մասին։

Միջադեպի առնչությամբ տարածած հայտարարությունում Հյուսիսատլանտյան դաշինքը, մասնավորապես, «ափսոսանք է հայտնում» Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Ավելի խիստ էր հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հայտարարությունը։ Համանախագահները «խստիվ դատապարտում են» ուժի կիրառումը եւ ափսոսանք են հայտնում մարդկային կյանքերի անիմաստ կորստի կապակցությամբ:

«Սա բանակցային գործընթացում լուրջ առաջխաղացման բացակայության արդյունքն է», - մեկնաբանելով շաբաթ օրվա միջադեպը՝ նկատեց Արզումանյանը։

Նախկին արտգործնախարարի խոսքով, վերջին իրադարձությունները վկայում են, որ հռետորաբանությունը արդեն անցնում է կոնկրետ գործողությունների, եւ պատերազմի վտանգը այժմ իրական է։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես չբացառեց պատերազմի վերսկսման հավանականությունը։

«Ադրբեջանը այն երկիրը չէ, որ ինքնուրույն պատերազմ սկսի», - ասում է փորձագետը, բայց Արեւմուտքը որեւէ կերպ չի փորձում սանձել Ադրբեջանին։ - «Բայց ինչո՞ւ պիտի սանձի։ Բա գուցե ուզում են մղել մի հիմար քայլի՞», - հացնում է Մանվել Սարգսյանը՝ նշելով, որ ադրբեջանական փորձագետների մոտ էլ մտահոգություն կա, որ ինչ-ինչ գործընթացների արդյունքում Ադրբեջանը կարող է ներքաշվել վտանգավոր պատերազմի մեջ։
XS
SM
MD
LG