Մատչելիության հղումներ

Օբաման ընդունեց Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատարի հրաժարականը


Գեներալ ՄըքՔրիսթալը ժամանում է Սպիտակ տուն, Վաշինգտոն, 23-ը հունիսի, 2010թ.

Գեներալ ՄըքՔրիսթալը ժամանում է Սպիտակ տուն, Վաշինգտոն, 23-ը հունիսի, 2010թ.

Աֆղանստանում միջազգային զինված ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Սթենլի ՄըքՔրիսթալը հրաժարական է տվել։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է նրա հրաժարականը` նշելով, որ հրամանատարի փոփոխությունը չի նշանակում Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների ռազմավարության փոփոխություն Աֆղանստանում։

Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատարի պաշտոնում Օբաման առաջարկել է գեներալ Դեյվիդ Փեթրեուսի թեկնածությունը։ Նախկինում գեներալ Փեթրեուսը Իրաքում կոալիցիոն ուժերի հրամանատարն էր։

Սթենլի ՄըքՔրիսթալը սկանդալային հոդված էր հրապարակել Rolling Stone ամսագրին, որտեղ անհարգալից տոնով էր արտահայտվել ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին։

Նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տուն էր հրավիրել գեներալին։ Հունիսի 23-ի առավոտյան նրանց հանդիպումը կես ժամ էր տեւել։ Օբաման, խորհրդակցելով զինվորական հրամանատարության հետ, այդ հանդիպումից երեք ժամ անց պաշտոնապես հայտարարեց, որ ընդունում է գեներել ՄըքՔրիսթալի հրաժարականը։

Օբաման լրագրողների առջեւ է դուրս եկել փոխնախագահ Ջո Բայդենի, պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի ու գեներալ Դեյվիդ Փեթրեուսի հետ։

«Այսօր ես ընդունեցի գեներալ Սթենլի ՄըքՔրիսթալի հրաժարականը Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատարի պաշտոնից։ Ես ցավում եմ դրա համար, բայց գտնում եմ, որ դա պետք էր անել հանուն Աֆղանստանում մեր առաքելության։ Դա [ընդունված որոշումը] համապատասխանում է մեր զինված ուժերի եւ մեր երկրի շահերին», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Rolling Stone-ի հոդվածում գեներալ Սթենլի ՄըքՔրիսթալը ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսին անվանել էր ծաղրածու, Օբամայի մասին ասել էր, թե նա պատրաստ չէր ռազմավարական հանդիպմանը. անցյալ տարի նախագահի հետ հանդիպման մասին գեներալն ասել էր, թե 10-րոպեանոց այդ հանդիպումը ասես ֆոտոթղթակիցների դիմաց դիրք գրավելու համար էր։ Գեներալը անհարգալից տոնով էր խոսել փոխնախագահ Ջո Բայդենի մասին, ծաղրել էր նրան, քննադատել էր Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանին, ինչպես նաեւ Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Ռիչարդ Հոլբրուքին։

Օբաման վստահեցրել է, թե գեներալի հրաժարականի պատճառը անձնական վիրավորանքները չեն, ոչ էլ քաղաքական տարաձայնություններ կան նրա հետ: «Սա քաղաքական որոշում չէ, սա անհատական որոշում է», - հայտարարել է նա։

ԱՄՆ-ի նախագահը քննադատել է գեներալին` ասելով, թե հրապարակած հոդվածում նրա ցուցաբերած վարքագիծը չի համապատասխանում այն չափանիշներին, որ պետք է ցուցաբերի հրամանատար գեներալը. - «Դա խարխլում է ռազմական ոլորտի վրա քաղաքացիական վերահսկողությունը, որը հանդիսանում է ժողովրդավարական համակարգի միջուկը, ինչպես նաեւ նման վարքագիծը խարխլում է հավատը, որը անհրաժեշտ է մեր թիմին միասին աշխատելու, Աֆղանստանում մեր նպատակներին հասնելու համար»։

Պաշտոնաթող գեներալը հայտարարություն է տարածել, որտեղ իր «ուժեղ աջակցությունն» է հայտնում Օբամայի ռազմավարությանը Աֆղանստանում։ Ավելի վաղ նա ներողություն էր խնդրել հոդվածում հրապարակած իր բացասական գնահատականների համար։

Ինչպես ՄըքՔրիսթալի հրաժարականը ընդունելու, այնպես էլ Փեթրեուսին Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատար նշանակելու մասին Օբամայի որոշումները ընդհանուր առմամբ դրական են ընդունվել ու գնահատվել քաղաքական գործիչների եւ փորձագետների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG