Մատչելիության հղումներ

Հայալեզու պարբերական Վանում


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատկերով գովազդային վահանակ Վանի փողոցում

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատկերով գովազդային վահանակ Վանի փողոցում

Սեպտեմբերից Վանում հրատարակվող պարբերականներից մեկի` Van Times-ի մի էջը հայերեն լույս կտեսնի:

Թերթի հրատարակիչ, ազգությամբ քուրդ Ազիզ Այքաչը պատրաստվում է հայերեն էջի հրատարակությունը սկսել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագից մի քանի օր առաջ:

Hurriyet-ի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն, որ նոր է վերադարձել Վանից, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Թերթի հրատարակիչ Ազիզ Այքաչը արդեն ստացել է քաղաքապետարանի հատուկ որոշումը: Հայալեզու էջի հրատարակությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ի արարողությունից մեկ շաբաթ առաջ եւ կավարտվի արարողությանը հաջորդող օրերին: Բայց եթե հետագայում կրկին թերթում հայալեզու էջ հրատարակելու անհրաժեշտություն ծագի, ապա լույսընծայումը կարող է վերսկսվել»:

Այքաչը թերթի միջոցով դիմել է Վանի բնակիչներին` կոչ անելով հյուրընկալել քաղաք ժամանող հայ ուխտավորներին: «1700 հոգի արդեն իսկ նման ցանկություն է հայտնել, եւ այդ թիվն օրեցօր աճում է», - նշել է Van Times-ի հրատարակիչը Hurriyet-ին տված հարցազրույցում: Այքաչի խոսքով` հայալեզու էջը նախատեսված է լինելու հենց հայ ուխտավորների համար, որոնց թիվը, ըստ թուրքական իշխանությունների, հասնելու է 5 հազարի:

Վանում տպագրվող թերթի հայերեն տարբերակի ապագա խմբագրակազմի մասին Վերջիհան Զիֆլիօղլուն նշեց. - «Հայերեն էջի վրա կաշխատի Van Times-ի աշխատակազմը, դրան գումարած` մի խումբ ամերիկահայ լրագրողներ կգան, ինչպես նաեւ պոլսահայ լրագրողներ կլինեն, որոնց անունն առայժմ չի նշվում»:

Van Times-ը քաղաքում լույս տեսնող 13 թերթերի շարքում ամենաազատականի համբավն ունի: «Մեր հրապարակումներից հետո բազմաթիվ հարձակումներ են եղել թերթի խմբագրության վրա: Եթե ես ազդեցիկ քրդական տոհմի ներկայացուցիչ չլինեի` ինձ վաղուց արդեն սպանել էին», - ասել է Ազիզ Այքաչը Hurriyet-ին տված հարցազրույցում` հատուկ ընդգծելով, թե չնայած սպառնալիքներին` երբեք չի հրաժարվել նոր գաղափարների իրագործումից: Այսպես, Van Times-ը քաղաքում լույս տեսնող պարբերականներից միակն է, որի էջերում ոչ միայն թուրքերեն, այլեւ քրդերեն եւ պարսկերեն հոդվածներ են տեղ գտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG