Մատչելիության հղումներ

Գրողները դեմ են օտարալեզու դպրոցների բացմանը


Բողոքի ցույց` ընդդեմ օտարալեզու դպրոցների բացման:

Բողոքի ցույց` ընդդեմ օտարալեզու դպրոցների բացման:

«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու եւ օտարալեզու դպրոցներ բացելու` կառավարության նախաձեռնությանը հայ գրողների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի:

Օտար լեզուներին տիրապետելը, գրողների խոսքերով, անհրաժեշտություն է, բայց դա «հրաշալիորեն կարելի է անել նաեւ ազգային դպրոցում», ընդամենը հարկ է ավելի մեծ ուշադրություն դարձնել հանրակրթական դպրոցներին: Եվ այդ դեպքում դպրոցները ոչ միայն տառաճանաչ կդարձնեն աշակերտներին, այլեւ հավուր պատշաճի գիտելիքներ կմատուցեն նրանց:

«Այս ամենի հիմքում պետական խորամանկություն կա` ժողովրդին էս անդունդից էն անդունդը գցելու: Մայրենի լեզվով դպրոցը տվյալ ազգի շունչն է: Ազգային դպրոցը ազգի արյունն է: Երբ դա մեռնում է` մեռնում է ազգային դպրոցը եւս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց արձակագիր Լեւոն Խեչոյանը` պնդելով նաեւ, որ օրինագծի ընդունման դեպքում խախտվում է Սահմանադրությունը:

«Այդ օտարալեզու դպրոցները կարելի է ե'ւ ողջունել, ե'ւ դատապարտել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ մենք արդեն... փորձը ունենք նման միջոցառումների, երբ ցանկացել են իբրեւ թե մի լավ բան անել, բայց ճիշտ հակառակն է ստացվել: Իմ մտավախությունը ոչ թե ընդհանրապես օտարալեզվության դեմ է, այլ կիրառման. ինչպե՞ս պիտի ուսուցանեն, ի՞նչ նպատակով: Դեռ Աբովյանն էր ասում ` հազար լեզու սովորեք, բայց նախ եւ առաջ սովորեք ձեր մայրենի լեզուն»:

Բանաստեղծ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը կտրականապես դեմ է կառավարության այս նախաձեռնությանը:

«Լեզուն մտածողություն է: Ինչ լեզվով խոսում, գրում ես, այդ լեզվով էլ մտածում ես: Այդ օտարալեզու դպրոցներն ավարտածներն այլեւս հայ չեն, զոմբիացված ինչ-որ մի բան են դառնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա` եզրափակելով. - «Մեր վերջին պատվարը լեզուն է... Կորցրեցինք այդ լեզուն` այլեւս անկախության մասին խոսելը գիտաֆանտաստիկ ժանրին պատկանող երեւույթ է»:

Ազգային ժողովը, հիշեցնենք, նշված օրինագիծը, որ հարուցել է բողոքի մեծ ալիք, կսկսի քննարկել վաղը:
XS
SM
MD
LG