Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան աղետների համակարգման կենտրոնի ղեկավար Գյունտեր Բրենդշնայդերը չորեքշաբթի օրը Երեւանում հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»:

«Ես, իհարկե, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում: Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, բայց այս պահի դրությամբ ավելին ասել չեմ կարող», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց Բրենդշնայդերը:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան Երեւանում մասնակցում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» դաշտային ուսումնավարժանքի վերջնական պլանավորման կոնֆերանսին:

ՆԱՏՕ-ի կազմակերպած այս միջոցառմանը, չնայած հրավերին, Ադրբեջանը չի մասնակցում:

«Տեղյակ չեմ Ադրբեջանի մտադրությունների մասին, բայց ունենք 4 հոգուց բաղկացած պատվիրակություն Թուրքիայից, ինչը, կարծում եմ, վկայում է, որ նրանք մտադիր են մասնակցել սեպտեմբերին կայանալիք ուսումնավարժանքին», - ասաց Բրենդշնայդերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG