Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շեշտում է Իրանի նշանակությունը


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամում, Բեռլին, 22-ը հունիսի, 2010թ., լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամում, Բեռլին, 22-ը հունիսի, 2010թ., լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

«Ես հասկանում եմ, որ Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների լույսի ներքո որոշ սկեպտիկներ թերահավատությամբ կվերաբերվեն իմ այս մոտեցմանը, բայց վստահ եմ, որ տարածաշրջանային լուծումներում չի կարելի եւ հնարավոր էլ չէ անտեսել Իրանը», - ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Գերմանիայի առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամում։

Նա նշել է, որ տարածաշրջանի համար խիստ կարեւոր է փարատել Իրանի վտանգված լինելու զգացումը, շեշտադրելով, որ «առանց դրա չկա լուծում ո'չ վաղվա խնդիրների, ո'չ էլ նույնիսկ այսօրվա միջուկային խնդրի համար»։

Խոսելով տարածաշրջանային տնտեսական ծրագրերի մասին` Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը սկսում է Վրաստանի նավահանգիստները Հայաստանի տարածքով Իրանի սահմանին կապող ժամանակակից արագընթաց ճանապարհի կառուցման աշխատանքները։ Ծրագրվում է սկսել նաեւ Հայաստան - Իրան երկաթուղու նախագծման աշխատանքները։

«Այս ենթակառուցվածքային ծրագրերը իսկապես հեղափոխական նշանակություն կարող են ունենալ տրանսպորտային հաղորդակցության առումով», - ասել է Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը հրապարակել է նախագահի մամլո գրասենյակը:

Նա կոչ է արել եվրոպական հզոր երկրներին, մասնավորապես Գերմանիային` ներդրում կատարել այս ծրագրերում, «տարածաշրջանի ապագայի համար»։

Խոսելով հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու ջանքերի մասին, Սերժ Սարգսյանն ասել է, թե Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից եւ ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ «վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին, նախապայմանների, թելադրանքի եւ անգամ սպառնալիքների լեզվին»։

Նա նշել է, որ մինչ օրս Եվրոպայի միակ փակ` հայ - թուրքական սահմանը մնում է այդպիսին։

«Հարեւանների հետ զրոյական խնդիրների քաղաքականությունը» զրոյական արդյունքներ է տալիս»,- հայտարարել է Հայաստանի նախագահը` ըստ էության պատասխանելով Թուրքիայի վերջին տարիներին որդեգրած արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքին։

Հարավային Կովկասի տարածաշրջանի քաղաքական համապարփակ լուծումների կայացումը Սերժ Սարգսյանը քիչ հավանական է համարել` նշելով, որ տնտեսական համագործակցության աշխուժացումը «ինքը կստիպի վերանայել փակ սահմանների եւ սառած հակամարտությունների առկա ստատուս քվոն եւ հակամարտությունների լուծման համար փոխվստահության մթնոլորտ կձեւավորի»։

Սերժ Սարգսյանի կարծիքով, Հարավային Կովկասի ժողովուրդները աղետալի սցենարներից զերծ մնալու միայն մեկ հնարավորություն ունեն` գիտակցել ու տեսնել ապագան` «ընդհանուր հորիզոնը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG