Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն «սառեցված» չի համարում ԼՂ հակամարտությունը


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպը առաջին հերթին նախազգուշացում էր ողջ աշխարհին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում՝ Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային կառույցների հորդորներին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին՝ Մամեդյարովն ասել է. - «Ռազմական հռետորաբանությունից հրաժարվելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ ազատագրվեն Ադրբեջանի գրավյալ տարածքները. ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում շանս չտալ պատերազմին, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի զինված ուժերը լքեն Ադրբեջանի տարածքները։ Որքան արագ սկսվի այդ գործընթացը, այնքան շատ կշահեն կողմերը, ներկայիս ստատուս–քվոն որեւէ մեկին չի գոհացնում», - ընդգծել է Մամեդյարովը։

«Քանի դեռ Ադրբեջանի տարածքները գտնվում են օկուպացիայի տակ, եւ շարունակվում է «ոչ պատրեազմ, ոչ խաղաղություն» դրությունը, հակամարտության գոտում կարող են նոր ռազմական միջադեպեր արձանագրվել», - նշել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ու հավելել. - «Հայաստանը ուզում է մեզ հետ ինչ–որ համաձայնագիր ստորագրել ուժի չգործադրման մասին։ Սակայն ուժն արդեն իսկ գործադրվել է, Ադրբեջանի տարածքները արդեն իսկ օկուպացվել են, եւ այժմ անհրաժեշտ է վերացնել դրա հետեւանքները»։

Պնդելով, որ հակամարտությունը հնարավոր է կարգավորել, եթե «Հայաստանը սկսի գործընթացին վերաբերվել ամենայն լրջությամբ»` Մամեդյարովը հերթական անգամ մեղադրել է Երեւանին բանակցությունները անհարկի ձգձգելու եւ Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի վերաբերյալ խուսափողական պատասխան տալու մեջ։

«Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանը ոչ մերժեց, ոչ ընդունեց Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, ինչը մեծ դժվարություններ է ստեղծում խաղաղ բանակցությունների շարունակման համար», - հայտարարել է Մամեդյարովը եւ հավելել. - «Մի կողմից հայկական կողմն ասում է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը Մադրիդյան սկզբունքների վրա, մյուս կողմից՝ չի համաձայնում նորացված տարբերակի որոշ դրույթների հետ»։

«Հայաստանը սառեցված է որակում ղարաբաղյան հակամարտությունը, սակայն պաշտոնական Բաքուն համաձայն չէ այդ ձեւակերպման հետ, քանի դեռ շփման գծում տեղի են ունենում բախումներ, որոնք մարդկանց մահվան պատճառ են դառնում», -հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG