Մատչելիության հղումներ

Հունիսի 23-ի մամուլ


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մխիթար Մնացականյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, խոսելով իր հրաժարականի պատճառների մասին, ասում է. - «Եթե համառոտ ասեմ` պատճառը աշխատանքից, դրա արդյունքներից իմ անբավարարվածության զգացումն է: Այս քայլը հուսահատված պաշտոնյայի որոշում չէ: Վճիռ է կյանքի փորձ ունեցող մարդու, որը դեռ չի կորցրել իր վերլուծական ունակությունները, մի քիչ էլ ինքնաքննադատական դիտարկում ունի իր արած-չարածի հանդեպ: Բնակչության սոցիալական ապահովության ոլորտը հսկայածավալ բարդություններ եւ առանձնահատկություններ պարունակող մի դաշտ է, որտեղ պետության կողմից տրամադրվող եւ հաճախ անհնարին ֆինանսական միջոցներից բացի, հավանաբար, անհրաժեշտ են բանիմաց եւ ժամանակակից մտածողության տեր կադրեր, կառավարման արդիական մոտեցումներ, գուցե նաեւ` կառուցվածքային արմատական բարեփոխումներ: Գիտակցելով այս ամենը` անցած 7 ամիսների ընթացքում իմ աշխատանքային գործունեության մեջ եկա այն համոզման, որ մինչ այս իմ պատկերացումները երեւի թե այլ են եղել` ավելի պարզ, դյուրին այս բնագավառի խնդիրների լուծման ուղղությամբ»: Վճռականորեն հերքելով իր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասությունների մասին լուրերը` Մնացականյանը նշում է. - «Հարկ չեմ համարում լրջորեն անդրադառնալու այդ ասեկոսեներին ու բամբասանքներին: Գագիկ Ծառուկյանը եղել է, կա եւ շարունակում է մնալ իմ լավ բարեկամն ու գործընկերը: Նա այնպիսի անձնավորություն է, ում համար առաջնային են մարդու բարոյական հատկանիշները եւ մասնագիտական որակները»:

«Ժամանակ»-ը հետեւյալ հարցն է ուղղում Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին. - «Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բախումներից հետո ոմանք կարծիք են հայտնում, թե Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից եւ բանակցողի ֆունկցիան փոխանցի Լեռնային Ղարաբաղին, եւ եթե վախենում է դա անել, ուրեմն պետք է իշխանությունը հրաժարական տա: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը»: Փորձագետը պատասխանում է. - «Բանակցություններից դուրս գալու որոշում կայացնելուց առաջ պետք է հաշվարկել հնարավորությունները. արդյո՞ք Հայաստանը կարող է իրեն նման բան թույլ տալ: Ես պնդում եմ, որ այսօրվա Հայաստանը բանակցություններից դուրս գալու համար կարողություն չունի: Նման քայլի դեպքում Հայաստանը կդառնա հզոր ճնշման կիզակետ, որովհետեւ հատկապես Քոչարյանի կողմից Ղարաբաղը բանակցային ձեւաչափից դուրս բերելուց հետո, Հայաստանի դիրքերը բավական թուլացել են, եւ նրա նման քայլը ոչ մի կերպ չի ընկալվի: Հայաստանը թուլացած է թե' երկրի ներսում, թե' դրսում: Ես կցանկանայի, որ Հայաստանն ունենար այն կարողությունը, որ կարողանար դուրս գալ բանակցություններից եւ դուրս գար այդ «դուրս գալու» տակից, ինչին ես խիստ կասկածում եմ: Ի վերջո, հայ-թուրքական գործընթացում մենք տեսանք, որ թուրքական նախապայմաններից հետո հայկական կողմը կարողություն չունի անգամ իր ստորագրությունը հետ վերցնելու, էլ ուր մնաց բանակցություններից դուրս գալու կարողություն ունենա: Մյուս կողմից` եթե Հայաստանը բանակցություններից դուրս գա, ո՞ւմ է թողնելու բանակցելու պատասխանատվությունը` Ղարաբաղի՞ն: Այն Ղարաբաղին, որը մինչ օրս որեւէ պաշտոնական հայտարարություն չի՞ արել տեղի ունեցածի կապակցությամբ, որի պաշտոնական անձինք միկրոֆոնից փախչում են` միայն թե կարծիք չհայտնեն, որի ղեկավարները հայտարարում են, թե վստահում են Սերժ Սարգսյանին եւ խուսափում են պատասխանատվություն ենթադրող որոշումներ ներկայացնելուց: Կարծում եմ, որ Ղարաբաղն իր այսօրվա ղեկավարությամբ պատրաստ չէ նման բանի»:

Թեման շոշափվում է նաեւ «Հայոց Աշխարհ»-ի այսօրվա հրապարակումներից մեկում: Հարցին` թե այս պարագայում ի՞նչ պետք է անի հայկական կողմը՝ շարունակի խոսել խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մասի՞ն, թե՞ համարժեք պատասխան տա ադրբեջանցի սադրիչներին՝ թարմացնելով 1992-94 թթ. դասերը, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը պատասխանում է. - «Համարժեք պատասխան ասածը շատ լայն հասկացողություն է։ Եթե «համարժեք» ասելով, նկատի ունեք, որ ամեն մի սպանված հայ զինվորի դիմաց պետք է 3 ասկյար սատկացնենք (հաշվի առնելով, որ Ադրբեջանը բնակչության թվաքանակով 3 անգամ մեզ գերազանցում է), կարծում եմ, դա համարժեք պատասխան չէ։ Համարժեքը կլինի այն, որ մի զոհվածի դիմաց առնվազն երկու տասնյակ ադրբեջանցի ասկյար սատկացնենք։ Այդ քաղաքականությունը մենք պետք է կիրառեինք Սումգայիթից սկսած. եթե Սումգայիթից հետո Ադրբեջանը համարժեք հակահարված ստանար, չէր լինի Գանձակը, չէր լինի Բաքուն, գուցե չլիներ Գետաշենը եւ Շահումյանը»։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի այն ընկերությունների ցանկը, որտեղ Պետեկամուտների կոմիտեն պետք է ունենա ներկայացուցիչներ: Ցանկն արդեն հայտնի է` այստեղ ներառված են 24 ընկերություններ, որոնց թվում են Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող եւ սննդամթերքի ամենախոշոր ներկրող «Ալեքս Գրիգը», նրան պատկանող եւ դեղորայքի խոշորագույն ներկրողներից «Նատալի Ֆարմը», օղի, ծխախոտ եւ այլ ապրանքների խոշոր ներկրող ու արտադրողներ, ինչպիսիք են «Սարգիս-Կարոլինան», «Սլավ գրուպ», «Ադամիում», «Դերժավա Ս» եւ այլ ընկերություններ»: Կասկած հայտնելով այս նորամուծության արդյունավետության առնչությամբ` հոդվածագիրը եզրակացնում է. - «Հարկայինի ներկայացուցիչների ինստիտուտ ներդնելու ամբողջ իմաստը Հայաստանի «սեւ» բյուջեն ավելի լավ վերահսկելն է, այդ բյուջեն ձեւավորողների մոտ «գույքագրում» իրականացնելը: Իսկ մնացածը ներկայացում է, որը շատ շուտով կսկսվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG