Մատչելիության հղումներ

Մոսկվայի քաղաքային իշխանությունները պատրաստվում են մինչեւ այս տարեվերջ վարքագծի կանոններ մշակել Ռուսաստանի մայրաքաղաք ժամանող միգրանտների համար։

«Մոսկվան ռուսական մշակույթի եւ ավանդույթների վրա հիմնված քաղաք է», - ասում է ազգամիջյան քաղաքականության հարցերով քաղաքային կոմիտեի ղեկավար Միխայիլ Սալոմենցեւը եւ ընդգծում. - «Այստեղ բազմաթիվ չգրված կանոններ կան, եւ բոլոր նրանք, ովքեր ժամանում են ապրելու, պետք է հաշվի նստեն դրանց հետ»։

Պաշտոնյայի խոսքով, մասնավորապես, «այլազգիներին խորհուրդ է տրվում փողոցում ու հասարակական վայրերում խոսել միայն ռուսերեն, ազգային տարազը կրել միայն սեփական տանը, բակերում ոչխար չմորթել, ինչպես նաեւ խորոված չանել տան պատշգամբում։ «Այս կանոնները նորեկներին շատ պետք կգան եւ ցույց կտան` ինչն է կարելի եւ ինչն է անհարմար», - ընդգծել է Սալոմենցեւը։

Քաղաքային իշխանությունները պնդում են, թե կանոնագիրքը մշակում են միայն բարի մտադրություններով, եւ որ գործընթացում հաշվի են առնելու նաեւ ազգային փոքրամասնությունների առաջարկները։ Այդուամենայնիվ, մի խումբ իրավապաշտպաններ մտահոգիչ միտումներ են տեսնում եւ պնդում են, թե այն կարող է հերթական մահակը դառնալ նախկին Խորհրդային Միությունից ժամանած միգրանտների համար։

«Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք Ֆրանսիայի քաղաքացիներին արգելելու ենք Մոսկվայում խոսել ֆրանսերեն. իհարկե` ոչ։ Այս նախագիծը ակնհայտորեն ուղղված է նախկին Խորհրդային Միության քաղաքացիների դեմ եւ ռասիզմի ակնհայտ դրսեւորում է», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասում է Քաղաքացիական աջակցության կոմիտեի ակտիվիստ, իրավապաշտպան Սվետլանա Գաննուշկինան։

«Քաղաքային իշխանությունների ներկայացրած առաջարկներից Խորհրդային Միության հոտ է գալիս», - իր հերթին, ընդգծում է Ուզբեկստանի քաղաքացի, ֆինանսիստ Խաետխան Նասրեդինովը: - «Իհարկե, կան կանոններ, որոնց անպայմանորեն պետք է հետեւել այլ երկրներում գտնվելու ժամանակ, սակայն հրահանգել նորեկներին` ինչ լեզվով խոսել կամ ինչ հագնել ... կարծում եմ` չափից դուրս է։ Եվս մեկ անգամ փորձում են մարդկանց վերածել միանման, մոխրագույն զանգվածի, որից շատ ավելի քիչ օգուտ կլինի, քան եթե նրանք պահպանեին իրենց ազգային առանձնահատկությունները»։

Հաղորդումների համաձայն, Մոսկվայի իշխանությունները նախատեսում են նաեւ միջնակարգ դպրոցների ծրագրից հանել էթնիկ բաղադրիչը, այսինքն` զրկել փոքրամասնություններին միջնակարգ դպրոցներում հիմնական ուսումնական ծրագրից բացի սեփական լեզուն ու պատմությունը ուսումնասիրելու հնարավորությունից։ Նախաձեռնությանը արդեն իսկ դեմ են արտահայտվել եւ քննադատել մի շարք համայնքների ներկայացուցիչներ, այդ թվում` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Այսօր Ռուսաստանում հայկական դպրոցներ կան, որտեղ հայերեն են սովորում, հայոց պատմություն: Դա որեւէ մեկին չի խանգարում, ընդհակառակը` բազմազանություն է ստեղում։ Ռուսաստանի հայերի միությունը դեմ է այդ նախաձեռնությանը, մենք կդիմենք քաղաքային իշխանություններին, կհորդորենք ետ կանգնել այդ քայլերից», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը ասել է Արա Աբրահամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG