Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական բանակը կարող է կրկին հատել Իրաքի սահմանը


Պայթեցված զինվորական ավտոբուսը: Ստամբուլ, 22-ը հունիսի, 2010թ.

Պայթեցված զինվորական ավտոբուսը: Ստամբուլ, 22-ը հունիսի, 2010թ.

Երեքշաբթի առավոտյան Ստամբուլի եվրոպական մասում իրականացված ահաբեկչական գործողության արդյունքում հինգ մարդ է զոհվել։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, պայթեցվել է ռազմական ոստիկանության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը։

«Զոհվել է չորս զինծառայող եւ ավտոբուսում գտնվող սպաներից մեկի 17-ամյա դուստրը։ 12 վիրավորներից մի քանիսի վիճակը շատ ծանր է։ Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ ահաբեկչությունն իրականացվել է հեռակառավարվող պայթուցիկ սարքի միջոցով», -նշել է Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնը Մութլուն։

Թուրքական հատուկ ծառայությունները պնդում են, որ հարձակումն իրականացրել է Քրդական բանվորական կուսակցության Ստամբուլի ընդհատակյա կառույցներից մեկը։

Անցած շաբաթավերջին, հիշեցնենք, Իրաքին սահմանակից Գեդիկթեփե քաղաքից ոչ հեռու, ավելի քան վեց ժամ տեւած մարտում զոհվեցին 11 թուրք զինծառայողներ։

Երկուշաբթի օրը Անկարայում ստեղծված կացությունը քննարկեցին Ազգային անվտանգության խորհրդի անդամները։ Նիստի ավարտին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Իլքեր Բաշբուղը հայտարարեց. - «Չեմ բացառում, որ մոտ ապագայում մեր զինված ուժերը կարող են հատել Իրաքի հետ սահմանը` ահաբեկիչների դեմ մեծածավալ գործողություն իրականացնելու նպատակով»։

Թուրքական բանակի հրամանատարի խոսքով, պաշտոնական Անկարան պատրաստվում է քրդական զինյալների հետ պայքարում ակտիվորեն համագործակցել հարեւան պետությունների հետ։

Միջազգային Ճգնաժամային խմբի թուրքական ծրագրերի տնօրեն Հյու Փոուփն այս առիթով նշում է. - ««Ցանկացած միջպետական պայմանավորվածություն, որ ձեռք կբերվի քուրդ զինյալների դեմ պայքարի հարցում, կրելու է խիստ գաղտնի բնույթ։ Կար մի ժամանակաշրջան, երբ Թուրքիան, Սիրիան եւ Իրանը անթաքույց կերպով համագործակցում էին այս խնդրում։ Վերջին տարիներին, սակայն, նման միտում չի նկատվում։ Այնպես որ համատեղ պայքարի մասին բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք կբերվեն տարբեր պետությունների զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների միջեւ, կմնան գաղտնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG