Մատչելիության հղումներ

Չնայած տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանում գրանցված համախառն ներքին արդյունքի 8.8 տոկոս աճին, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մտահոգիչ երեւույթներ է նկատում տնտեսության աճի կառուցվածքում։

«Տնտեսական աճի կառուցվածքը վկայում է, որ կառավարության ձեռնարկած քայլերը` տնտեսության բազմազանեցման ուղղությամբ, բավարար չեն»,- երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ասատրյանը։

ԿԲ նախկին նախագահի կարծիքով, աճի հիմնական պատճառ հանդիսանում է լեռնարդյունաբերությունը, որն էլ պայմանավորված է պղնձի միջազգային գների առաջանցիկ աճով։

Բագրատ Ասատրյան.
Շուրջ 19 տոկոսանոց անկում արտահանման ծավալների ...
«Ուրիշ տեղաշարժեր՝ որակական, էական, մենք չունենք», - կարծում է տնտեսագետը՝ պարզաբանելով. - «Գիտենք, որ տնտեսության համար մայիսն ավելի լավ ամիս է, քան ապրիլը, բայց մայիսի արդյունքներն ավելի վատն են, քան ապրիլինը։ Ունեցել ենք շուրջ 6 տոկոսանոց անկում արդյունաբերության ոլորտում, անկում ունենք մանրածախ առեւտրի ոլորտում, ծառայությունների ոլորտում։ Եվ ամենակարեւորը, որի մասին պետք է բղավենք՝ շուրջ 19 տոկոսանոց անկում արտահանման ծավալների»։

Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը գոհացուցիչ է համարում տնտեսության աճի ցուցանիշները՝ նշելով, որ դրանք մի քանի անգամ գերազանցում են այս տարվա համար բյուջեով նախատեսված ցուցանիշներին։

«Դրա պատճառը առաջին հերթին համաշխարհային մակարդակով տնտեսության աշխուժացումն է, որը, բնականաբար, բերում է նաեւ բոլոր մասնակիցների տնտեսությունների աշխուժացման, եւ երկրորդ, ոչ պակաս կարեւոր հանգամանքը այն հակաճգնաժամային ծրագրերն են, որ իրականացվեցին նախորդ տարվա ընթացքում», - նշեց Մինասյանը՝ կարեւորելով կառավարության դերը տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG