Մատչելիության հղումներ

Կոլոմբիեն դադարեցնում է աշխատանքը որպես Հայաստանի հարցով համազեկուցող


Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը (ձ) եւ Ժորժ Կոլոմբիեն:
Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը (ձ) եւ Ժորժ Կոլոմբիեն:

Երեքշաբթի առավոտյան Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ֆրանսիացի խորհրդարանական Ժորժ Կոլոմբիեն հայտնել է, որ «ժամկետը լրանալու պատճառով դադարեցնում է իր աշխատանքը որպես [Հայաստանի հարցով] համազեկուցող»: Նոր համազեկուցողի ընտրությունը տեղի կունենա մոտ ապագայում:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների իրականացման «ճանապարհային քարտեզը»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հայաստանյան պարտվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներից Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) իր ելույթում խիստ քննադատել է ներկայացված փաստաթուղթը` հայտարարելով, մասնավորապես, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ուղարկվել են առանց ընդդիմության ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որ իշխանությունը միայնակ է աշխատել նախագծի վրա: Նա բացասական գնահատական է տվել վերջերս Ազգային ժողովում ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակումներին:

Ռուստամյանը նաեւ պահանջել է «ճանապարհային քարտեզում» ամրագրված հարցերի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնել` արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանի հարցով երկրորդ համազեկոցող Ջոն Պրեսկոտը իր ելույթում հայտարարել է, որ Ընտրական օրենսգիրքը բավարար չի կարող համարվել, քանի դեռ փոխահամաձայնություն ձեռք չի բերվել խորհրդարանական բոլոր ուժերի հետ, որ իրենց նույնպես մտահոգում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունները:

Երեքշաբթի օրը Ստրասբուրգում տեղի է ունեցել նաեւ ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը Վեհաժողովում հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների եւ մեկական անդամների հետ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը եւ Դավիթ Հարությունյանը, ադրբեջանական կողմից` Սաբիր Հաջիեւը եւ Սամադ Սեիդովը:

Հարությունյանը եւ Ռուստամյանը առաջընթաց են համարում այն, որ այս անգամ ադրբեջանական կողմը ընդունել է, որ քանի դեռ երկու կողմերը չեն ճշտել համագործակցության դաշտը, անիմաստ է առաջ շարժվել, եւ որ ԵԽԽՎ-ի որեւէ կառույց չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձեւաչափը:

«Մեր հիմնական պնդումը եղել եւ մնում է նույնը` կողմերի միջեւ խորհրդակցությունները պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ պատասխան չի տրվել հիմնական հարցերին, մասնավորապես` ընթացող բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ համապատասխան փորձ եւ ինստիտուցիոնալ կարողություն չունենալով` ինչ առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ ԵԽԽՎ-ի որեւէ ձեւաչափ հակամարտության կարգավորման հարցում: Շտապողականությունը այս հարցում անընդունելի է եւ վտանգում է ԵԽԽՎ-ի վարկը», - հայտարարել են հայաստանցի խորհրդարանականները: - «Մենք դեմ ենք, որ ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները»:

«Այս ամենի լույսի ներքո ընդունվեց մեր առաջարկությունը կողմերի միջեւ խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ: Մենք առաջարկեցինք նաեւ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններին ներգրավել պատվիրակությունների այլ անդամներին: Այս հանդիպման բացահայտումն այն էր, որ ադրբեջանական կողմը համագործակցելու պատրաստակամություն էր հայտնում, քանի որ մինչ այս Ադրբեջանը միշտ բացառել է ցանկացած ձեւաչափով որեւէ համագործակցություն», - երեքշաբթի ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հարությունյանը եւ Ռուստամյանը:

Նրանք ակնկալում են, որ Ադրբեջանը պաշտոնապես կհաստատի երկու պատգամավորների արտահայտած այդ դիրքորոշումը:

«Ցանկանում ենք վերահաստատել, որ մենք մասնակցում ենք այս խորհրդակցություններին այն գիտակցությամբ, որ մեր ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի առաջացումը անհրաժեշտ միջավայր է ստեղծում արդյունավետ բանակցային գործընթացի համար», - հայտարարեցին հայաստանցի խորհրդարանականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG