Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կրկին պահանջում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը


«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցությունը երկուշաբթի օրը տարածած հայտարարությամբ Հայաստանի իշխանություններից կրկին պահանջել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ դիվանագիտական բոլոր լծակների ու սփյուռքահայ կառույցների հնարավորությունների համատեղմամբ նախաձեռնել Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայ - ադրբեջանական սահմանագծին հրադադարի խախտումը որակում է որպես Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստական փուլ:

«Հայկական եւ միջազգային ռեակցիայի փորձարկումն էր առաջին նպատակը` թե ինչպես կարձագանքի կամ կպատասխանի Հայաստանը, եւ ինչ գործողություններ կձեռնարկի միջազգային հանրությունը, եթե ինքը ձեռնարկի ռազմական ճանապարհով խնդրի լուծման քայլեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա համոզմամբ` թե' Հայաստանի եւ թե' միջազգային հանրության արձագանքը եւ հակազդեցությունը համարժեք չեն տեղի ունեցածին:

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է ավելի կոշտ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին: Մասնավորապես, կուսակցությունը իր հայտարարությունում Հայաստանի իշխանական կոալիցիայի ղեկավարներից պահանջում է մեկնաբանություններում եւ գնահատականներում այսուհետ ձեռնպահ մնալ «մենք հավատարիմ ենք հարցի խաղաղ, բանակցային կարգավորման սկզբունքին» ձեւակերպումից, քանի որ «թե' հակառակ կողմը եւ թե' միջնորդներն ու միջազգային հանրությունը հայկական կողմի նման անվերապահ պատրաստակամությունը դիտարկում են որպես թուլության եւ տարածքներ հանձնելու պատրաստակամության բացահայտ նշան»:

«Առաջին հերթին, հարց կա, որ Հայաստանը պետք է ի՞նքը պատասխանի, այս ամեն ինչին նույնատիպ ռազմական արձագանքներ թողնի, ինչպես սպառնացել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, թե՞ կան այլ ուղիներ այդ նպատակները վիժեցնելու եւ Ադրբեջանի համար ոչ բարենպաստ հետեւությունների դաշտ թողնելու առումով», - նշեց Սաֆարյանը:

Նախատեսված էր, որ երկուշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն անդրադառնալու է Լեռնային Ղարաբաղի խնդրով Վեհաժողովի ենթահանձնաժողովի վերստեղծման հարցին: Վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն նույն օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել է, թե վստահ չէ, որ ենթահանձնաժողովի գործունեությունը կվերսկսվի ԵԽԽՎ-ի ընթացիկ նստաշրջանում: Նա հավելել է, թե որպես ԵԽԽՎ-ի նախագահ` հանդիպելու է երկու երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ յուրաքանչյուր պատվիրակությունից մեկական անդամի հետ, եւ խնդրել է Բյուրոյին որոշում չկայացնել մինչեւ այդ հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG