Մատչելիության հղումներ

Սերժ Ավետիքյանի «Շան պատմությունը»` Թուրքիայում մեկնարկող փառատոնում


Սերժ Ավետիքյան

Սերժ Ավետիքյան

Երեքշաբթի օրը Թուրքիայում միջազգային կինոֆառատոն է սկսվում։ «Վավերագրող - Ստամբուլի վավերագրական ֆիլմերի օրեր» կոչվող փառատոնում ներկայացված է նաեւ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շան պատմությունը» անիմացիոն ֆիլմը։

Այս ֆիլմը մեկ ամիս առաջ լավագույնը ճանաչվեց Կաննի հեղինակավոր կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում։

Ֆիլմը մեկ դար առաջ Ստամբուլում տեղի ունեցած մի իրադարձության մասին է։ Երիտթուրքերի կառավարությունը որոշում է փողոցներն ազատել հազարավոր թափառող շներից, ի վերջո, կառավարության որոշմամբ, մոտավորապես 30 հազար շների տեղափոխում են անմարդաբնակ մի կղզի, որտեղ նրանք սովից ու ծարավից սատկում են։

Քննադատներից շատերը նկատում են, որ այս ֆիլմի միջոցով Ավետիքյանը փորձել է այլաբանորեն ներկայացնել այն ճակատագիրը, որին արժանացան Օսմանյան կայսրությունում նախորդ դարասկզին բնակվող ազգային փոքրամասնությունները։

Hurriyet-ը գրում է, որ Ստամբուլում մեկնարկող փառատոնին ներկայացված են 120 վավերագրական ֆիլմեր աշխարհի 35 երկրներից` այդ թվում Միացյալ Նահանգներից, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արեւելքի, Հեռավոր Արեւելքի երկրներից, Հնդկաստանից։

Փառատոնը նաեւ լուսանկարչական ցուցահանդես է հյուրընկալելու, որը կոչվում է «Գնդակներ արտահատվելու ազատության ու մամուլի ազատության համար». այն նվիրված է 1980-2010 թվականներին Ստամբուլում սպանված լրագրողների հիշատակին։

2007 թվականի հունվարին Ստամբուլում իր խմբագրատան դիմաց սպանվեց «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը։ Նրա սպանության գործով դատավարությունը մինչեւ հիմա շարունակվում է։

Սպանված լրագրողների հիշատակին նվիրված ցուցահանդեսը պատրաստվել է վավերագրողների ու ֆոտոթղթակիցների համագործակցությամբ։

Կինոփառատոնը շարունակվելու է մինչեւ հունիսի 27-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG