Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները խստիվ դատապարտում են ուժի կիրառումը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որում «խստիվ դատապարտում են ուժի կիրառումը եւ ափսոսանք են հայտնում մարդկային կյանքերի անիմաստ կորստի կապակցությամբ»:

«Նման միջադեպը 1994 թվականին կնքված Հրադադարի համաձայնագրի անընդունելի խախտում է եւ հակասում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի գործադրումից զերծ մնալու` կողմերի ստանձնած հանձնառությանը», - ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Ընդգծելով, որ միջադեպը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից անմիջապես հետո, համանախագահները համոզմունք են հայտնում, որ «ռազմական ուժի կիրառումը, հատկապես այս պահին, կարող է դիտվել միայն որպես խաղաղ գործընթացը վնասելու փորձ»:

Հետեւաբար, համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար ֆասիեն եւ Իգոր Պոպովը կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել եւ «իրենց բնակչությանը նախապատրաստել խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին»: Միջնորդները վերստին ընդգծում են, որ «խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը այլընտրանք չկա», եւ պատերազմը չի կարող դիտվել որպես հնարավորություն:

Հունիսի 18-ի ուշ երեկոյան Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ տեղի ունեցած դիմահար մերձամարտի հետեւանքով հայկական կողմից զոհվել է 4, վիրավորվել` 4 զինծառայող: Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG