Մատչելիության հղումներ

Նոր կրակոցներ շփման գոտում. Ադրբեջանը հայտնում է իր զինծառայողի զոհվելու մասին


Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է. - «Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Յուսուֆջանլու, Չեյիլ լեռ, Քենգեռլի, Բաշ Քարվենդ, Շխլար, Սեյսուլան եւ Լեւոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանը հայտարարել է, թե այսօր ադրբեջանական դիրքերի վրա հայկական զինուժի հարձակման հետեւանքով ադրբեջանցի մեկ զինծառայող է զոհվել, «հայերը կարուստներ են կրել եւ նահանջել»:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց հայկական կողմի կրած կորուստների մասին տեղեկությունը:

Հունիսի 18-ի ուշ երեկոյան Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ տեղի ունեցած դիմահար մերձամարտի հետեւանքով հայկական կողմից զոհվել է 4, վիրավորվել` 4 զինծառայող: Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG