Մատչելիության հղումներ

Մելիքյան. «Բախումը խոսում է «բանակցային գործընթացում սրված իրավիճակի մասին»


Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով, հունիսի 18-ին հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած բախումը խոսում է «բանակցային գործընթացում սրված իրավիճակի մասին»:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան շատ են շտապում խնդիրը լուծել, որովհետեւ հասկանում են, որ եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում բեկումը հօգուտ իրենց չգրանցվի, այլեւ երբեւէ չի գրանցվի: Մենք պարզապես պետք է կարողանանք այս ճնշմանը դիմակայել, բայց նաեւ նոր քաղաքական ուղեգիծ որդեգրել, որի միջոցով մեր դիրքերը կամրապնդվեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Մելիքյանը:

Այդ ներխուժմամբ, Մելիքյանի կարծիքով, Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում` ստուգում է հայկական դիրքերի ամրությունը` միաժամանակ փորձելով ահաբեկել եւ վախեցնել դիրքերը պաշտպանող հայ զինծառայողներին. - «Խնդրի մյուս կողմը այն է, որ Ադրբեջանը ձգտում է ճնշում գործադրել միջազգային հանրության վրա եւ այս միջոցով ստիպել միջազգային հանրությանը ավելի կոշտ վերաբերվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ` փաստելով, որ տեսեք` Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, եւ դուք պետք է ձեր դիրքերը մեղմեք, գնաք անհրաժեշտ զիջումների, այլապես մենք որեւէ բան չենք կարողանա անել»:

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարարը նաեւ համոզված է, որ հարկավոր է հետաքննել ու պարզել, թե ինչպես է ադրբեջանական կողմին հաջողվել ներխուժել Ղարաբաղի տարածք, ինչի արդյունքում զոհվել է 4 հայ զինծառայող:

«Պետք է, իհարկե, հայկական կողմերը անհրաժեշտ հետաքննությունը կատարեն մի քանի խնդիրների վերաբերյալ: Նախ, ինչո՞ւ հենց այդ վայրում փորձեցին ճեղքել-անցնել հայկական զինված միավորումների թիկունքը Ադրբեջանի այդ հատուկջոկատայինները: Արդո՞ք դա թույլ օղակ էր, թե՞ այնտեղ կան ինչ-որ հատուկ նշանակության օբյեկտներ: Որքանո՞վ էր մեծ հայկական կողմի մեղքը, այսինքն` որքանո՞վ էին նրանք անպատրաստ այսպիսի միջադեպի դիմագրավելու», - նշեց Արման Մելիքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG