Մատչելիության հղումներ

logo-print

Արարատ Զուրաբյան. «Հանգուցալուծման լավագույն ձեւը սա էր»


Հայաստան -- Արարատ Զուրաբյանը ընդդիմության նստացույցի ժամանակ, 18-ը հունիսի, 2010թ.

Հայաստան -- Արարատ Զուրաբյանը ընդդիմության նստացույցի ժամանակ, 18-ը հունիսի, 2010թ.

Ընդդիմադիր Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի կարծիքով նախագահի պաշտոնից իր հրաժարականը ապացուցում է, որ ՀՀՇ-ն շատ հստակ քայլում է առաջ Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում։

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը հինգշաբթի օրը կայացած նիստում ընդունվել էր ՀՀՇ-ի վարչության կողմից, Արարատ Զուրաբյանը մնացել էր ՀՀՇ-ի վարչության անդամ։ Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել ՀՀՇ-ի վարչության փոխնախագահ խաչատուր Քոքոբելյանը։

ՀՀՇ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները խուսափում են պարզաբանել, թե ինչով են պայմանավորված Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր շարժման առանցքային քաղաքական ուժերից մեկի՝ ՀՀՇ-ի վարչության ղեկավար անդամների հրաժարականները։ Շրջանառվում են լուրեր, որ հրաժարականը պահանջել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, քանի որ Քոքոբելյանը եւ Զուրաբյանը գործունեություն են ծավալել Հայ ազգային կոնգրեսի դեմ, հանդես են եկել Կոնգրեսի քաղաքական գծի քննադատությամբ։

«Ամբողջությամբ սուտ է», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը այս առիթով հայտարարեց Արարատ Զուրաբյանը՝ պարզաբանելով. - «Մի մթնոլորտ էր ստեղծվել, որը անհրաժեշտ էր հանգուցալուծել։ Ես կարծում եմ հանգուցալուծման լավագույն ձեւը սա էր։ Այն, ինչ-որ մամուլում ինքներդ բազմաթիվ անգամ նկատել եք այս վերջին օրերին, բնականաբար ինձ համար սա տհաճ էր, եւ կարծում եմ քայլս ապացույցն էր նրա, որ մեզ մոտ որեւէ պրոբլեմ չկա, ՀՀՇ-ն շատ հստակ քայլում է առաջ Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում»։

Զուրաբյանը հայտարարեց, թե ստեղծված մթնոլորտի պատճառն իր մոտ փնտրել պետք չէ:

«Շարունակելու եմ իմ քաղաքական գործունեությունը իմ կուսակցության շրջանակներում», - հավելեց ՀՀՇ-ի վարչության նախկին նախագահը, ընդգծելով, որ որպես ՀՀՇ վարչության անդամ շարունակելու է պայքարը ՀՀՇ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի շարքերում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG