Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները նստացույց անցկացրեցին Օպերայի հակառակ կողմում


Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մերձակա Ազատության հրապարակում նախատեսված ոչ զանգվածային նստացույցի փոխարեն ուրբաթ օրը ընդդիմադիրները զանգվածային բազմամարդ ակցիա անցկացրեցին Օպերայի շենքի մյուս կողմում` Արամ Խաչատրյանի արձանի մոտ, քանի որ ոստիկանները արգելեցին նրանց մուտքը հրապարակ։

Դեռ հունիսի 11-ին Երեւանի քաղաքապետարանը մերժել էր «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» հայտը` Ազատության հրապարակում հունիսի 18-ին նստացույց անցկացնելու կապակցությամբ՝ պատճառաբանելով, թե նույն օրը այդտեղ մանկական միջոցառում է ծրագրված:

Ընդդիմադիրները հայտարարել էին, որ զանգվածային ակցիայի փոխարեն, անցկացնելու են ոչ զանգվածային նստացույց, քանի որ, ըստ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքի, 100-ից պակաս քաղաքացիների մասնակցությամբ իրականացվող միջոցառումները, որոնք օրենքով համարվում են «ոչ զանգվածային», կարելի է անցկացնել առանց քաղաքապետարանին իրազեկելու:

Այդուհանդերձ, ընդդիմադիրների ոչ զանգվածային ակցիայի իրականացումը Ազատության հրապարակում եւս արգելվեց։

«Միջոցառման օրը միտումնավոր ընտրվել է այսօր, որպեսզի խոչընդոտեն մեր ակցիայի անցկացմանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանը։

Փոխարենը ընդդիմադիրները որոշեցին իրենց նստացույցը անցկացնել Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Այստեղ ոստիկանները չխոչընդոտեցին ակցիայի անցկացմանը, սակայն իրավապահների թիվն աստիճանանբար ավելացավ, եւ երկու ժամ տեւած նստացույցի վերջնամասում ակցիայի մասնակիցների մոտ կենտրոնացել էին շուրջ երկու տասնյակ ոստիկաններ` Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ:

Նախօրեին ընդդիմադիրներից 34 նախկին բանտարկյալներ` այդ թվում Ալեքսանդր Արզումյանը, Մյասնիկ Մալխասյանը, Դավիթ Մաթեւոսյանը, հանդես էին եկել հայտարարությամբ, որով իշխանություններից պահանջում էին անհապաղ ազատ արձակել իրենց «քաղբանտարկյալ ընկերներին»։

«Մեր 15 ընկերները դեռեւս զնդաններում են, եւ մենք այս ակցիայով 2 նպատակ ենք հետապնդում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց «7-ի գործով» նախկին բանտարկյալ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանը՝ մանրամասնելով. - «Առաջինը՝ պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, եւ երկրորդը՝ վերահաստատում ենք, որ Հայաստանի ազատ քաղաքացին իրավունք ունի Ազատության հրապարակում առանց որեւէ խոչընդոտի իր բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ իշխանությունների ապօրինությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG