Մատչելիության հղումներ

Մարգարեթ Սեկագյան ամփոփում է հայաստանյան այցը


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերեվ հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով իր մեկշաբաթյա այցը Հայաստան` հնչեցրեց իր մտահոգությունները մի շարք հարցերի առնչությամբ:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների կապակցությամբ (նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է համապատասխան հրամանագիրը) Սեկագյան ասաց, թե «որոշակի քայլեր դեռ կարելի է ձեռնարկել». - «Օրինակ, եթե դուք գտնում եք, որ օրենքում կան հակասահմանադրական դրույթներ, կարող եք դիմել Սահմանադրական դատարան»:

Սեկագյան մտահոգիչ է համարում նաեւ Հայաստանում խաղաղ հավաքների ազատություն «լուրջ սահմանափակումները»:

«Թեպետ իշխանությունների կողմից սահմանված կարգավորումը օրինական է, ես տեղեկություններ եմ ստացել իրավապահ մարմինների կողմից անհարկի եւ կամայական սահմանափակումներ կիրառելու մասին: Ժողովրդավարական հասարակությունում խաղաղ, բաց, հրապարակային ցույցեր անցկացնելը պետք է հասու լինի բոլոր անհատներին` առանց անհարկի սահմանափակումների», - հայտարարեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը:

Մարգարեթ Սեկագյան իր անհանգստությունը հնչեցրեց լրագրողների նկատմամբ բռնությունների, հարձակումների դեպքերի կապակցությամբ. - «Այս դեպքերը ի ցույց են դնում Հայաստանում անպատժելիության մշակույթի ակնհայտ առկայությունը: Այսօրինակ անպատժելիությունը, ըստ ամենայնի, սերտորեն առնչվում է ոստիկանության համակարգում արմատավորված խնդիրներին եւ անկախ դատական համակարգի բացակայությանը»:

Նա կոչ արեց իրականացնել «արագ եւ թափանցիկ հետաքննության մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերի վերաբերյալ»:

Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը նշեց, որ նախագահական ընտրություններին հաջորդած «ողբերգական դեպքերն ու սպանությունները չեն քննվել». - «Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ դեպքերը քննվեն, բայց մենք խոսում ենք արագ եւ թափանցիկ քննության մասին»:

Մեկշաբաթյա այցից ստացած տպավորությունները` մտահոգություններն ու առաջարկությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը ներառելու է հատուկ զեկույցում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին:

«Ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի վրա ճնշում կգործադրի զեկույցում տեղ գտնելիք առաջարկությունները իրականացնելու համար», - եզրափակեց Մարգարետ Սեկագյան:
XS
SM
MD
LG