Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի Մրցութային ծրագիրը պահպանել է իր արդեն հայտնի ձեւաչափը. 3 մրցութային ծրագրերում` Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական ֆիլմերի եւ Հայկական համայնապատկեր, մրցելու են ստացված հայտերից ընտրված լավագույն աշխատանքները։ Միջազգային խաղարկային ծրագրում այս տարի ընդգրկվել է 13, վավերագրականում` 14, իսկ հայկական համայնապատկերում` 17 ֆիլմ:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված է Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն»-ը, որը նաեւ Կաննի այս տարվա մրցութային ծրագրում էր: Նույն ծրագրում ընդգրկված է նաեւ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի ժապավենը, ում ֆիլմերից նախկինում «Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրում ցուցադրվել են: «Ռեհա Երդեմի «Կոսմոս» ֆիլմը ընդգրկեցինք մրցույթում նաեւ այն պատճառով, որ այն ամբողջությամբ նկարահանվել է Կարսում», - ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Հայաստանցի ռեժիսորներ Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ու Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմերը, բացի հայկական համայնապատկերից, ընդգրկվել են նաեւ միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում: Վերջերս էկրան բարձրացած «Արարատից սիոն» ֆիլմը ընդգրվել է վավերագրական ֆիլմերի մրցույթում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ինչպես միշտ կունենա 3 գլխավոր ժյուրի: Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին կգլխավորի կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը Իսլանդիայից: Վավերագրական ժյուրիի նախագահը Իտալացի Լուչիանո Բարիզոնեն է, ով երկար տարիներ եղել է Ֆլորնցայի վավերագրական ֆիլմերի փառատոնի տնօրեն: Իսկ Հայկական համայնապատկերի ժյուրին գլխավորելու է Արմեն Մեդվեդեւը Ռուսաստանից:

XS
SM
MD
LG