Մատչելիության հղումներ

Օտարալեզու դպրոցների բացումը թույլատրող օրինագծի դեմ բողոքի համերգը հետաձգվում է


Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագծի դեմ բողոքի ցույցը Կառավարության շենքի մոտ: 10-ը հունիսի, 2010թ.
Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագծի դեմ բողոքի ցույցը Կառավարության շենքի մոտ: 10-ը հունիսի, 2010թ.
Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը թույլատրող օրինագծի դեմ շաբաթ օրը նախատեսված համերաշխության համերգը չի կայանա։ Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեցին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամները։

Հունիսի 19-ի երեկոյան Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տասնյակից ավելի երգիչների մասնակցությամբ կայանալիք համերգի մասին իրազեկման գործընթացում նախաձեռնող խումբը խոչընդոտների է հանդիպել։

«Թաղապետի տեղակալի հետ հանդիպումից հետո, երբ նա տեղեկացավ միջոցառման բովանդակությանը, սկսեցին խոչընդոտները» ...
Քաղաքապետարանը քննարկել է համերգի իրականացման մասին խմբի իրազեկումը եւ պահանջել է իրազեկմանը կից փաստաթուղթ ներկայացնել Երեւանի Կենտրոն թաղապետարանի սանմաքրմամբ զբաղվող «Մաքրություն» ընկերությունից այն մասին, որ այդ ընկերությունը պարտավորություն է ստանձնում համերգից հետո մաքրել տարածքը։

«Թաղապետի տեղակալի հետ հանդիպումից հետո, երբ նա տեղեկացավ միջոցառման բովանդակությանը, սկսեցին խոչընդոտները», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանը։ - «Մի քանի ժամ հետո այդ սանմաքրման կազմակերպության ներկայացուցիչը մեզ հայտնում է, որ եթե նույնիսկ 500 հազար դրամ վճարենք, մեզ չեն տրամադրելու այդ թուղթը», - պատմեց Հարությունյանը։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը պնդում է, որ քաղաքապետարանի գործողություններն ու պայմանագիր ներկայացնելու պահանջն ապօրինի են։

«Հավաքներ, ժողովներ, երթեր անցկացնելու մասին օրենքի մեջ չկա պահանջ, որ նման փաստաթուղթ պետք է ներկայացնի իրազեկողը», - ընդգծեց փաստաբանը։

Քաղաքապետարանը գտել է մերժման նոր հիմնավորում


Նույն օրը ավելի ուշ, նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպումից հետո, Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը տեղեկացրեց, թե նոր խնդիր է ծագել, եւ քաղաքապետարանը կայացրել է որոշում, որով աննպատակահարմար է համարել համերգի անցկացումը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։

«Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետին հասցեագրված «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի ապրիլի 22-ի գրությունը այն մասին, որ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվող մասսայական միջոցառումները խանգարում են կինոթատրոնի բնականոն աշխատանքը, այդ հիմնավորմամբ մերժված է համերգի անցկացումը», - հայտարարեց քաղաքապետի ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանը «աբսուրդային» որակեց քաղաքապետարանի ներկայացուցչի հետ իրենց ունեցած քննարկումը, ինչպես նաեւ կայացված որոշումը։

Քաղաքապետարան. Մերժման որոշման մեջ որեւէ միտում տեսնելը սխալ է...
«Այս կարգի գրություններ տարբեր կազմակերպություններից իրենք կարող են ունենալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության ողջ տարածում մերժեն բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները», - կարծում է Հարությունյանը։ - «Մենք կինո «Մոսկվայի» հետ ունեցել ենք նախնական համաձայնություն, որ քաղաքապետարանը տալիս է թուլտվություն, եւ մենք այնտեղ անցկացնում ենք միջոցառում։ Նրանք էլ [«Մոսկվա» կինոթատրոնը] պարտավորվել էին մեզ էլեկտրականություն տրամադրել»։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման ակտիվիստը վստահ է, որ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի գրությունը ընդամենը պատրվակ է, որը քաղաքապետարանը որոշել է օգտագործել՝ համոզվելով, որ տարածքի մաքրման պայմանագիր պահանջելը հակասում է օրենքին եւ չկարողանալով այդ հիմքով մերժել համերգի անցկացումը։

«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական որոշում», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

Իր հերթին, քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը հավաստիացնում է, թե մերժման որոշման մեջ որեւէ միտում տեսնելը սխալ է, քանի որ միջոցառման բովանդակությունը քաղաքապետարանի քննարկումների ժամանակ չի ներկայացվել։

«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկած վիճահարույց փոփոխությունների փաթեթը, որով հնարավոր է դառնում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը, դժգոհության ալիք է հարուցել հանրության շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG