Մատչելիության հղումներ

Նախագահները քննարկել են Ղարաբաղյան կարգավորման «հանգուցային խնդիրները»


Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 17-ը հունիսի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 17-ը հունիսի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում հինգշաբթի երեկոյան հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հանդիպումը մեկնարկել է նախատեսվածից մոտ կես ժամ ուշացումով եւ անցել փակ ռեժիմով:

Դմիտրի Մեդվեդեւը հիշեցրել է, որ սա թվով վեցերորդ եռակողմ հանդիպումն է: «Վեց անգամ արդեն հանդիպել ենք` դա քիչ չէ», - նշել է նա, ինչից հետո արդեն փակ դռների հետեւում ծավալվել է երեք երկրների ղեկավարների հիմնական զրույցը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպումը մեկնարկել է երեք նախագահների մասնակցությամբ, ապա նրանց են միացել արտգործնախարարները: Հանդիպմանը հաջորդել է Ռուսաստանի նախագահի անունից տրված աշխատանքային ընթրիք` նախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպման ընթացքում գրանցվել է այն, ինչին կողմերը հասել են բանակցությունների արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այդ արդյունքների հիման վրա: Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել ակտիվ բանակցությունները:

Ամփոփելով եռակողմ հանդիպումը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. - «Գործընթացը Մինսկի խմբի եռանախագահներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աջակցությամբ շարունակվում է: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար էր: Այն կարեւոր հանգրվան էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»:

«Հանդիպումը անցավ կառուցողական մթնոլորտում, կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում, եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա: Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել շփումները, հանդիպումներ կկայանան նաեւ համանախագահների հետ», - ասել է Նալբանդյանը:

«Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դեր է խաղում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Նախագահ Մեդվեդեւի ներգրավվածությամբ հանդիպումները հնարավորություն են ընձեռում մերձեցնելու կողմերի դիրքորոշումները, իսկ այն հարցերում, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում, կողմերը կարողանում են առավել հստակեցնել մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ շարժվել առաջ», - հայտարարել է նա:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, պատասխանելով մադրիդյան առաջարկությունների մասին հարցին` Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ 2007 թվականի նոյեմբերից բանակցությունների սեղանին եղել է մեկ փաստաթուղթ` համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան սկզբունքները, որոնք նաեւ գրանցված են Վիեննայում` ԵԱՀԿ քարտուղարությունում` որպես պաշտոնական առաջարկություն: Դրանից հետո բոլոր առաջարկները կրել են աշխատանքային բնույթ:

Հայաստանի արտգործնախարարը հայտնել է նաեւ, որ ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Նալբանդյանի վկայությամբ` միջնորդները ծրագրում են հուլիսի սկզբին այցելել տարածաշրջան:

Հանդիպման վերաբերյալ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է, որ նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցային խնդիրները:

«Նշվել է կողմերի դիրքորոշումների մերձեցումը կարգավորման հիմնական սկզբունքների տեքստի մի շարք վիճելի դրույթների շուրջ», - նշված է Կրեմլի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: - «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, այդ փաստաթղթի վրա աշխատանքը ավարտելուն ուղղված երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Սանկտ Պետերբուրգում գտնվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին հինգշաբթի օրը ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրանց հետ քննարկել Ղարաբաղյան կարգավորման ներկայիս վիճակը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը, կրկին եռակողմ ձեւաչափով՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, տեղի էր ունեցել այս տարի՝ հունվարի 25-ին, Սոչիում։

Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւի հրավերով է մեկնել Ռուսաստան` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին, եւ ուրբաթ օրը կմասնակցի համաժողովի աշխատանքներին: Շաբաթ օրը Հայաստանի նախագահը կմասնակցի հայ համայնքի կազմակերպած հոբելյանական տոնական միջոցառումներին. Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը նշում է այստեղ հայերի հաստատման 300-ամյակը: Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Տավրիկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG