Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը զորք չի ուղարկում Ղրղըզստան


Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքի ուզբեկ բնակիչները բարիկադներ են ստեղծում հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար, 17-ը հունիսի, 2010թ.
Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքի ուզբեկ բնակիչները բարիկադներ են ստեղծում հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար, 17-ը հունիսի, 2010թ.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որի անդամ է նաեւ Հայաստանը, խաղաղապահ զորամիավորումներ չի ուղարկում ազգամիջյան բախումների մեջ ներքաշված Ղրղըզստան։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Քննարկվում է ոչ թե խաղաղապահների, այլ զանգվածային անկարգությունները կանխելու, հրահրիչներին բացահայտելու եւ չեզոքացնելու հարցերով մասնագետների խումբ ուղարկելու հարցը», - ասել է Բորդյուժան։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ տարբերակը քննարկվել է Ղրղըզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալիկ Օրոզովի հետ Մոսկվայում նախօրեին կայացած հանդիպման ընթացքում։ Օրոզովի խոսքերով, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները` բացառությամբ Բելառուսի նախագահի, հավանություն են տվել տարբերակին։ Ենթադրվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը նույնպես կտա իր համաձայնությունը։

Հունիսի 17-ի տվյալնորով` Ղրղըզստանում ազգամիջյան բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 191 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 2 հազարը։ Ղրղըզստանի ղեկավարի պաշտոնակատար Ռոզա Օտունբաեւան խոստովանել է, որ զոհերի իրական թիվը կարող է մի քանի անգամ գերազանցել պաշտոնական տվյալները։ Փախստականների եւ ներքին տեղահանվածների թիվը գրեթե 400 հազար է։

Զոհվածների, վիրավորների եւ փախստականների մեծ մասը ուզբեկներ են։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստ Աննա Նեյստատի վկայությամբ` Օշ քաղաքում մինչ օրս շարունակում են հալածել ուզբեկներին։

«Երկու ուզբեկներ ծեծի են ենթարկվել, մեկը, ով փորձել է փախչել իր տնից, հրազենից է վիրավորվել, մի կնոջ էլ ծեծել եւ բռնաբարել են»,- ասել է իրավապաշտպանը։

Մի շարք երկրներ եւ միջազգային կազմակերպություններ մարդասիրական օգնություն են ուղարկում Ղրղըզստան։ Հունիսի 27-ին այդ երկրում պետք է տեղի ունենա սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեն։ Անցումային վարչակազմը հաղորդել է, որ չեղյալ կհայտարարի հանրաքվեն միայն այն դեպքում, եթե ամբողջ երկրում մտցվի արտակարգ դրություն կամ պարզվի, որ արտակարգ դրության գոտում է հայտնվել ընտրողների կեսից ավելին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG