Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հրաժարական է տվել


Արարատ Զուրաբյան
Արարատ Զուրաբյան

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հինգշաբթի օրը կայացած նիստում ՀՀՇ-ի վարչությունը որոշել է ընդունել հրաժարականը։

ՀՀՇ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Արարատ Զուրաբյանը շարունակում է մնալ վարչության անդամ։

Նկատի ունենալով, որ վարչության նախորդ նիստում ընդունվել է նաեւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի դիմումը վարչության անդամությունից եւ փոխնախագահի պաշտոնից դուրս գալու մասին, որոշվել է մինչեւ կուսակցության առաջիկա համագումարը վարչության աշխատանքների համակարգման պարտականությունը դնել վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա:

Առայժմ պարզ չէ, թե ինչով են պայմանավորված Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր շարժման առանցքային քաղաքական ուժերից մեկի՝ ՀՀՇ-ի վարչության ղեկավար անդամների հրաժարականները։

Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականի առնչությամբ ՀՀՇ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ նա հրաժարական է ներկայացրել ՀՀՇ-ի վարչության փոխնախագահի պաշտոնից, քանի որ որոշակի տարաձայնություններ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղաքական գծի վերաբերյալ, ինչի մասին արտահայտվել է հրապարակավ։

«Մասնավորապես, միշտ կողմ լինելով ավելի բաց եւ թափանցիկ քաղաքականությանը՝ Քոքոբելյանն առաջարկել է ընդդիմության անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել ավելի կոնկրետ, որոշակի եւ վճռական գործողություններով», - ասված էր ՀՀՇ-ի հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG