Մատչելիության հղումներ

Հայաստանը կհյուրընկալի ԱՊՀ երկրների 6-րդ Դելփյան խաղերը


Հունիսի 26-ից հուլիսի 2-ը Հայաստանում կանցկավեն ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերը, որոնք կազմակերպվում են արվեստները զարգացնելու, մշակույթի, արվեստի, կրթության ոլորտում տարբեր ազգերի երիտասարդության ստեղծագործական շփման եւ համագործակցության նպատակով: Մրցութային անվանակարգերում ներկայացված են արվեստի գրեթե բոլոր ճյուղերը:

Առաջին անգամ մասնակցելով Դելփյան խաղերին` Հայաստանը միանգամից հյուրընկալում է դրանք: Խաղերի կազմկոմիտեի նախագահ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը խուսափում է մրցույթ բառից` պնդելով, որ մրցույթն արվեստի համար չէ:

Դելփյան խաղերին ամբողջ աշխարհից մասնակցում են մոտ 130 երկրներ, ԱՊՀ-ի խաղերին Հայաստանում սպասում են 16 երկրներից շուրջ 600 հյուրերի: Արվեստի այս մրցավազք-փառատոնում երիտասարդների տարիքը չի գերազանցում 21-ը, բացառությունը երգիչների համար է` 25 տարեկան, այդ տարիքում նրանց ձայնը փոփոխությունների փուլում է:

Բարսեղ Թումանյան
Դելփյան խաղերի հայաստանցի մասնակիցներն ընտրվել են տեղական ընտրական փուլի միջոցով: Բարսեղ Թումանյանն ավելի մեծ ակնկալիքներ ուներ, օրինակ, «գեղանկարչություն» անվանակարգում, որտեղ, երգչի կարծիքով, Հայաստանը կարող էր լավ դիրքեր ունենալ:

6-րդ Դելփյան խաղերը նվիրված են Հայրենական պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձին, խաղերի անցկացմանն աջակցում է մշակույթի նախարարությունը: Հաղթողներին դրամական մրցանակներ նախատեսված չեն, թեեւ չի բացառվում, որ նախագահի կամ կառավարության կողմից լինեն պարգեւներ:

XS
SM
MD
LG