Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստում մեկ շաբաթով հետաձգվեց պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության բարձրացման հայեցակարգի մասին որոշման նախագծի հաստատումը:

Նախագիծը, ինչպես նիստում ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, մշակվել է նաեւ «իրականացման ծրագրերի հասցեականության մեծացման, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի կրճատման նպատակով»:

Հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում, ըստ նախարարի, ակնկալվում է «նպաստների համար դիմող քաղաքացու հայտարարած տեղեկությունների հավաստիություն, հստակ եւ գործուն մեխանիզմների առկայության ապահովում, ստվերային տնտեսության կրճատում եւ սպասարկման որակի բարձրացում, որը կհանգեցնի աղքատության մեղմացմանը»:

Նախարարը նախագիծը «վերջնական տեսքի բերելու համար» վարչապետից խնդրեց 3 օր:

Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նախագծի կապակցությամբ ասաց. - «Այս տեսքով եթե ընդունենք, ոչ մի խնդիր չենք լուծելու, ընդհակառակը` ավելի վատթարացնելու ենք վիճակը: 15 կազմակերպություններ տալիս են տեղեկանքներ, դրանից հետո մենք գնում ենք ստուգման եւ մենք հայտնաբերում ենք տեղեր կան մինչեւ 35 տոկոս կեղծ, սխալ տեղեկանքներով վճարված գումարներ»:

Զաքարյանի տեղեկացմամբ, խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է. - «Երբ մենք տեղում փորձում ենք պարզել է, թե ով է պատասխանատու, պատասխանը հետեւյալն է` սոցիալական ծառայության տարածքային գրասենյակի ղեկավարին նշանակում է քաղաքապետը կամ մարզպետը: Ասում են` ինչ տվյալ տալիս են, մենք դրանով էլ հաշվարկում ենք»:

Նախագիծը ներկայացված տեսքով չընդունեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ տրամադրեց, որպեսզի փաստաթուղթը մեկ անգամ եւս քննարկվի շահագրգիռ մարմիններում:

Կենտրոն վարչական շրջանի տարածքային սոցիալական ծառայության բաժնի պետի տեղակալ Գայանե Յազիչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհերքեց, որ քաղաքացիներից ոմանք երբեմն կեղծ տվյալներ են տրամադրում «Փարոս»-ում ընդգրկվելու համար:

«Քաղաքացիները հիմնականում թաքցնում են իրենց աշխատանքը, իրենց եկամուտը: Ներկայացնում են, որ չեն աշխատում, համաձայն դրա էլ նշանակվում է ընտանեկան նպաստ: Բայց հետո համադրումների արդյունքում մենք ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ քաղաքացին աշխատում է, հիմնադրամում իր անունով սոցվճարներ են կատարվել: Ստուգումներ ենք կատարում, պարզում ենք: Համաձայն դրա կատարվում է նպաստի դադարեցում, ավել ստացած գումարների հետգանձում», - ասաց նա:

Սակայն համադրումները ուշ են ստացվում եւ հնարավոր չէ կանխել նման երեւույթները, դժգոհում է պաշտոնյան. - «Մենք հիմա ստացել ենք տեղեկատվություն անցած տարվա աշխատողների վերաբերյալ` 2009, եւ 2010-ի սկզբի համար»:
XS
SM
MD
LG