Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում կանցկացվի «ոչ զանգվածային միջոցառում»


Ոստիկանները ընդդիմության ակտիվիստներին թույլ չեն տալիս մտնել Ազատության հրապարակ: 1-ը հունիսի, 2010թ.
Ոստիկանները ընդդիմության ակտիվիստներին թույլ չեն տալիս մտնել Ազատության հրապարակ: 1-ը հունիսի, 2010թ.

Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Մաթեւոսյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ուրբաթ օրը մոտ երեք տասնյակ «նախկին քաղբանտարկյալներ» Ազատության հրապարակում կանցկացնեն ոչ զանգվածային միջոցառում:

Ըստ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքի, «ոչ զանգվածային է համարվում հրապարակային այն միջոցառումը, որին մասնակցում է 100-ից պակաս քաղաքացի»: Նաեւ` քաղաքացիները իրավունք ունեն ոչ զանգվածային միջոցառումն անցկացնել առանց քաղաքապետարանին իրազեկելու:

«Ոստիկանությունը նման լիազորություն չունի` մեզ վաղը Ազատության հրապարակ թույլ չտալու, մեր մուտքը արգելելու», - ասաց Մաթեւոսյանը` հավելելով. - «Ոստիկանությունը վաղը պետք է առաջնորդվի երկու օրենքով` «Ոստիկանության մասին» օրենքով եւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքով», որտեղ ամեն ինչ նախատեսված է: Մեր հարաբերությունները ոստիկանության հետ կարգավորվում են այդ երկու օրենքներով»:

Ավելի վաղ, հիշեցնեն, Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն չէր ընդունել Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտը`պատճառաբանելով նույն օրը այդտեղ մանկական միջոցառում է ծրագրված:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ոստիկանությունը կխոչընդոտի միջոցառման անցկացմանը, պատասխանեց. - «Ոստիկանությունը երբեք չի խոչընդոտել եւ խոչընդոտ չի հանդիսացել: Եթե կան հասարակական կարգի խախտման դեպքեր, դա մեր սուրբ պարտքն է... Բնականաբար, շատ վճռական ենք լինելու, եւ հասարակական կարգի խախտումները միանգամից կասեցվելու են»:

Դավիթ Մաթեւոսյանի խոսքով, վաղվա իրենց միջոցառումը «բողոքի դրսեւորում է», նրանք պահանջելու են ազատ արձակել հետընտրական իրադարձություններից հետո դեռեւս անազատության մեջ գտնվող իրենց ընկերներին. - «Շուրջ մեկ տարի առաջ համաներում կոչված ակտով մի մասին ժողովրդավարական ինստիտուտների ճնշման տակ ազատ արձակեցին, մեր ընկերները շարունակում են մնալ բանտերում»:

Հարցին, թե որքանով կօգնի այդ ակցիան իրենց ընկերներին, Մաթեւոսյանը արձագանքեց. - «Ավելի շատ, քան ոչինչ չանելը: Մեր մեր պարտքն ենք համարում հերթական անգամ հասարակության, ժողովրդի գիտակցության մեջ թարմ պահել այն իրողությունը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG