Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Գոլց. «Խաղաղապահ ուժեր Ղրղըզստան չեն ուղարկվի»


Ալեքսանդր Գոլցը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվային լուսանկար
Ալեքսանդր Գոլցը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվային լուսանկար

Ռուսաստանցի առաջատար ռազմական փորձագետներից մեկի` Ալեքսանդր Գոլցի համոզմամբ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները Ղրղըզստան խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցում միակարծիք են:

«Տպավորություն ունեմ, որ ՀԱՊԿ-ի անդամ պետություններն արդեն իսկ եկել են ընդհանուր հայտարարի: Կազմակերպության անդամ պետությունների նախագահներից եւ ոչ մեկը ցանկություն չի հայտնել խաղաղապահ ուժեր ուղարկել Ղրղըզստան», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշում է Գոլցը:

Մեկ այլ ռուս վերլուծաբան` Մոսկվայի պետհամալսարանի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել էր. - «Բելառուսի կամ Հայաստանի համար այն ամենը, ինչ կատարվում է հեռավոր Ղրղըզստանում, մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: Ղրղըզներն էլ հաստատ չեն գնա Ղարաբաղում կռվելու»:

Ալեքսանդր Գոլցի համոզմամբ, սակայն, եթե իրավիճակը Ղրղըզստանում վերջնականապես դուրս գա վերահսկողությունից եւ խաղաղապահ ուժերի ներգրավումն անխուսափելի դառնա, անհրաժեշտ կլինի այդ ստորաբաժանումներին հստակ մանդատով օժտել:

«Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին բազմաթիվ օրինակներ կային, երբ բանակային ստորաբաժանումներն ուղարկվում էին այս կամ այն շրջան առանց հստակ մանդատի: Իշխանություններին թվում էր, որ զինվորականի գլխարկը տեսնելուն պես գյուղացիները փախուստի կդիմեն: Բայց արի ու տես, որ ոչ ոք էլ չէր փախչում: Ավելին, հրամանատարները չգիտեին ինչպես վարվել, երբ իրենց ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումները ենթարկվում էին հարձակման, իսկ հստակ հրաման չկար», - նշում է ռազմական փորձագետը:

Հնարավո՞ր է արդյոք, որ մի օր էլ ՀԱՊԿ-ը անգործություն ցուցաբերի մի իրավիճակում, երբ անդամ պետություններից մեկը արտաքին հարձակման թիրախ դառնա. դա, ըստ Գոլցի, կլինի ՀԱՊԿ-ի լիակատար, վերջնական վախճանը: «Կազմակերպությունն իրեն լիովին կվարկաբեկի: Իմ կարծիքով` վարկաբեկման այդ գործընթացն արդեն իսկ սկիզբ է առել», - ընդգծում է ռազմական փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG