Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆը գործընկերներին կոչ է անում աջակցել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին


Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում: մայիս, 2008 թ.
Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում: մայիս, 2008 թ.

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը շրջանառության մեջ է դրել գործընկերներին ուղղված մի նամակ՝ կոչ անելով ստորագրել եւ աջակցություն հայտնել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւին:

«Միացյալ Նահանգները շատ երկար ժամանակ է տուրք տվել Թուրքիայի սպառնալիքներին եւ ձախողել Ցեղասպանության զոհերին ճանաչելու ջանքերը», – գրել է Ադամ Շիֆը, ով նաեւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ է, եւ ընդգծել. - «Տեւական ժամանակ զոհերին հիշատակելու եւ հարգանքի տուրք մատուցելու մեր բարոյական պարտքը տեղի է տվել երկկողմ հարաբերությունները պահպանելու նկատառումներին։ Տարիներ շարունակ Ցեղասպանության ճանաչման աջակիցները լսել են նույն պնդումները, թե այժմ դրա ժամանակը չէ»։

«Ճիշտ հակառակը` այժմ, երբ Թուրքիան աջակցում է Իրանին, ինչո՞ւ պաշտպանել նրանց Ցեղասպանությունը ժխտելու հարցում», – գրել է կոնգրեսականը՝ թվարկելով վերջին շրջանում Անկարայի ձեռնարկած մի շարք նախաձեռնություններ եւս, որոնք հակասում են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը։

«Արդյո՞ք մենք պետք է շարունակենք վիրավորել զոհերի հիշատակը՝ կեղծ բարեկամին հանգստացնելու համար», – գրել է Շիֆը եւ հավելել,–«Այժմ եկել է ժամանակը վերահաստատելու մեր բարոյական պարտքը՝ որպես Ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ, եւ հանգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն անմեղ մարդկանց, կանանց ու երեխաների հիշատակին»։

Ներկայումս Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթին աջակցում է օրենսդիր մարմնի 143 ներկայացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG