Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն եւ Human Rights Watch-ը քննադատում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ

Հայաստանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերջին փոփոխությունները հեռարձակման ոլորտում բազմակարծությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծում, երեքշաբթի օրը հայտարարել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը։ Միաժամանակ, երեկ երեկոյան Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել չստորագրել օրենքում Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունները, քանի որ դրանք «բացասական ազդեցություն կունենան Հայաստանում բազմակարծության եւ տեղեկատվության ազատության վրա»:

Հունիսի 10–ին Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնց նպատակն է կարգավորել Հայաստանում հեռուստահեռարձակման թվայնացումը։ Խոսքի ազատության ջատագով կազմակերպություններն ու ընդդիմադիրները, սակայն, պնդում են, որ իշխանությունները ջանում են երկարաձգել հեռուստառադիոհեռարձակման նկատմամբ իրենց լիակատար վերահսկողությունը:

Իր հայտարարությունում Միյատովիչը նշել է, որ քաղաքացիական հասարակության եւ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպությունները օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի իշխանություններին մտահոգություններ են հայտնել, իսկ իր ղեկավարած ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակը ներկայացրել է մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներ։

«Թեեւ ներկայացված որոշ առաջարկություններ հաշվի առնվել են, այլ առաջարկներ, որոնք առաջնային կարեւորություն ունեին սահուն կերպով անալոգայինից թվային հեռարձակման անցնելու համար, անտեսվել են», - նշել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը։

Միյատովիչը մատնանշել է օրենքի մի շարք այլ թերություններ։ Մասնավորապես, ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գնահատմամբ, օրենքը սահմանափակում է հեռարձակվող ալիքների թիվը, հստակորեն չի սահմանում արբանյակային, շարժական հեռախոսակապի եւ ինտերնետային տեխնոլոգիաների կիրառմամբ հեռարձակման լիցենզավորման կարգը։ Միաժամանակ, Միյատովիչը թերություն է համարում այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխություններով հեռարձակման բոլոր տարատեսակները ենթակա են Կարգավորող մարմնի կողմից լիցենզավորման կամ թույլտվություն ստանալուն, իսկ դատարաններին հնարավորություն է ընձեռվել հեռարձակողներին զրկել լիցենզիաներից՝ հիմնվելով օրենքի այնպիսի դրույթների վրա, որոնք լրատվամիջոցների ազատության չարդարացված սահմանափակումներ են պարունակում։

«Հայաստանը չպետք է կորցնի ապագային միտված լրատվական օրենսդրություն ընդունելու հնարավորությունը։ Նոր տեխնոլոգիաները, այդ թվում թվային հեռարձակումը, պետք է իշխանությունների կողմից օգտագործվեն լրատվամիջոցների բազմակարծությունը ուժեղացնելու համար։ Այդ տեխնոլոգիաները կարող են ավելի հասանելի դարձնել տեղեկատվությունը եւ հասարակությանը հնարավորություն տալ տեղեկատվություն որոնել, ստանալ եւ տարածել», - նշել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը։

Միյատովիչը ընդգծել է, որ իր գրասենյակը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի իշխանություններին՝ լրատվամիջոցների ոլորտի օրենսդրության բարելավման հարցում։

Human Rights Watch-ը կոչ է անում Սերժ Սարգսյանին՝ չստորագրել օրինագիծը


Նախօրեին օրինագծին անդրադարձել է նաեւ Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով նախագահ Սերժ Սարգսյանին չստորագրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը, քանի որ այն բացասական ազդեցություն կունենա Հայաստանում լրատվամիջոցների բազմակարծության եւ տեղեկատվության ազատության վրա:

Կոչն ու օրինագծի վերաբերյալ մտահոգությունները ամփոփված են Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Հոլի Քարտների՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում:

Կազմակերպությունը փաստում է, որ օրենքի հապճեպ ընդունումը թույլ չտվեց, որ հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի ներկայացրած մտահոգությունները փարատվեին օրինագծում:

Human Rights Watch–ը մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվելու է 18-ի, ինչը մեծացնում է եթերում բազմակարծությունը սահմանափակելու վտանգը: Կարող են տուժել հատկապես նոր հեռուստաընկերությունները, քանի որ, օրինագծի համաձայն, լիցենզավորման մրցույթի ժամանակ առավելությունը տրվելու է արդեն գործող, կամ առնվազն 3 տարի հեռարձակման փորձ ունեցող ընկերություններին:

Կազմակերպությունը նաեւ հիշեցնում է, որ փարատված չեն մտահոգությունները լիցենզիաների տրամադրման թափանցիկության վերաբերյալ եւ մատնանշում պատճառներից մեկը. բացակայում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից լիցենզիա տրամադրելու մերժումը հիմնավորելու վերաբերյալ օրենսդրական պահանջը: Human Rights Watch-ը հիշեցնում է, որ օրենսդրական փոփոխությունների պահանջ էր առաջացել մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականի «Ա1+» վերաբերյալ ընդունած որոշումից հետո: «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկվել է 2002 թվականին եւ չի կարողացել վերականգնել եթերը նույնիսկ Եվրադատարանի որոշումից հետո:

Նամակի վերջում Human Rights Watch-ի ներկայացուցիչը կրկին կոչ է անում Հայաստանի նախագահին՝ օգտագործել վետոյի իր իրավունքը, եւ հույս հայտնում, որ Ազգային ժողովը, լսելով քաղաքացիական հասարակության եւ ԵԱՀԿ-ի մտահոգությունները, կկատարի անհրաժեշտ փոփոխություններ՝ օրինագիծը համապատասխանեցնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
XS
SM
MD
LG