Մատչելիության հղումներ

Դինքի սպանության մասին գրքի հեղինակը` Աշխարհում խոսքի ազատության հերոս


Ոստիկանները դատարան են բերում Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթին (կենտրոնում), հուլիս, 2007թ.
Ոստիկանները դատարան են բերում Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթին (կենտրոնում), հուլիս, 2007թ.
60 տարի առաջ հիմնադրված եւ աշխարհի ավելի քան 120 երկրներ ներկայացնող Մամուլի միջազգային ինստիտուտը թուրքական «Միլիեթ» պարբերականի թղթակից Նեդիմ Շեներին ճանաչել է Աշխարհում խոսքի ազատության հերոս` «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին հրապարակած գրքի համար։

Հետաքննական լրագրությամբ զբաղվող Շեները «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» վերնագրված գրքում մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել, որոնք մատնացույց են անում անվտանգության ուժերի առնչությունը կամ անգործությունը Դինքի սպանությունը կանխարգելելու հարցում:

Գրքի հրատարակումից կարճ ժամանակ անց ոստիկանության ու անվտանգության ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչները դատի էին տվել լրագրողին: Մեղադրող կողմը պահանջել էր ավելի քան 30 տարվա ազատազրկում:

«Չնայած դատարանում եւ դրա պատերից դուրս հնչող սպառնալիքներին` Շեները շարունակում էր իր հետաքննական լրագրությունը Դինքի սպանության ու դատական գործընթացի շուրջ, ինչն արժանի է բարձր գնահատականի», - մրցանակը շնորհելիս հայտարարել է հեղինակավոր ինստիտուտի փոխտնօրեն էլսոն ՄըքՔենզին։

Թուրք լրագրողի պարգեւատրումը բարձր է գնահատել նաեւ կազմակերպության թուրքական ներկայացուցչությունը` ընդգծելով. - «Շեների կողմից կատարված հետաքննությունը, ինչպես նաեւ Դինքի մասին գրքի ու ամենօրյա հոդվածների հրապարակումն իրոք հերոսություն էր` հաշվի առնելով այն դժվարությունները, որ հարուցում էին գործում ներգրավված պաշտոնյաները»։

Վերջիններս լրագրողի դեմ մի շարք մեղադրանքներ էին ներկայացրել, այդ թվում` գաղտնի տեղեկություններ ունենալու, հրապարակելու եւ անգամ դատական գործընթացի վրա ազդելու համար։ Շուրջ մեկ տարի շարունակված քաշքշուկներից հետո այս ամսվա սկզբին թուրքական դատարանը ներկայացված մեղադրանքների մեծ մասը անհիմն ճանաչեց, գործընթացը, սակայն, շարունակվում է, եւ մի շարք մեղադրանքներ դեռեւս պետք է քննության արժանանան այս ամսվա վերջին նշանակված նիստում։

«Ես շատ երախտապարտ եմ Մամուլի միջազգային ինստիտուտին` ինձ շնորհված մրցանակի համար», - հայտարարել է Շեները։

Ավելի վաղ CNN Turk-ին տված հարցազրույցում լրագրողը խոստովանել էր. - «Մի փոքր վախեցած եմ այն մտքից, որ այս մրցանակն ինձնից առաջ շնորհվել է երկու` արդեն մահացած թուրք լրագրողների։ Թուրքիայում չես կարող քեզ անվտանգ զգալ, հաղորդակցության եւ խոսքի ազատության պայմանները իսկապես շատ վատ են, եւ կարող ես սպանվել անգամ` Դինքի սպանության մասին գրելու համար»։

«Ես որոշեցի գրել Հրանտ Դինքի սպանության մասին նախ` որովհետեւ նա մարդ էր եւ իրավունք ուներ կյանքի։ Նա շատ լավ լրագրող էր եւ ուզում էր պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները, ինչը շատ կարեւոր է։ Բայց ես որոշեցի գրել նաեւ այն պատճառով, որ Դինքը իմ ընկերն էր», - ասել է Նեդիմ Շեները։
XS
SM
MD
LG