Մատչելիության հղումներ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ:

Դատապարտյալի տեղափոխումը օրենքի սահմաններում է, սակայն վիճահարույց է, թե օրենքի սահմաններո՞ւմ է արդյոք Փաշինյանի համակարգիչը առգրավելը, ինչը տեղ է գտել անցած շաբաթ օրը:

«Մինչեւ ուրբաթ օրը համակարգիչը նրա մոտ գտնվում էր օրենքով սահմանված կարգով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը` հավելելով, թե քանի որ իրենք գանգատ են պատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար, համակարգիչը Փաշինյանին անհրաժեշտ էր նաեւ այդ նպատակով:

Լուսինե Սահակյանը շեշտեց, որ նաեւ լրագրողի իրավունքն է համակարգիչ ունենալը:

Համակարգիչը առգրավելու որեւէ հիմնավորում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չեն ներկայացնել:

«Օրինական որեւէ հիմնավորում լինել, իհարկե, չի կարող, որովհետեւ ակնհայտ երեւում է, որ սա խոչընդոտ է նրա պաշտպանության կազմակերպմանը:», - ասաց Սահակյանը: - «Սա հերթական հետապնդումն է, որը կատարվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»:

Սահակյանը նաեւ փոխանցեց, որ նախաձեռնելու են «որոշակի քայլեր» եւ «համապատասխան բողոքներ» են ներկայացնելու, որպեսզի «համակարգիչը տրամադրվի Նիկոլ Փաշինյանին»:

Հունվարի 19-ին ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր է ճանաչել 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման: Մարտին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, սակայն որոշել է կիրառել համաներում եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:
XS
SM
MD
LG