Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը թրաֆիքինգի դեմ պայքարում առաջընթաց է արձանագրում


ԱՄՆ – Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացնում է «Մարդկանց թրաֆիքինգ» 2010 թվականի զեկույցը, Վաշինգտոն, 14-ը հունիսի, 2010թ.
ԱՄՆ – Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացնում է «Մարդկանց թրաֆիքինգ» 2010 թվականի զեկույցը, Վաշինգտոն, 14-ը հունիսի, 2010թ.

ԱՄՆ-ը ներկայացրել է թրաֆիքինգի 2010 թվականի զեկույցը, ըստ որի Հայաստանը առաջխաղացում է արձանագրվել։

Շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առքուվաճառքի` «թրաֆիքինգի» 2010 թվականի զեկույցը երկուշաբթի օրը ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը։

«Այս վիճակագրության ետեւում իրական մարդկանց մաքառումն է, արցունքներն այն ընտանիքների, որոնք կարող են այլեւս չտեսնել իրենց զավակներին, շահագործման ամենավատթար տեսակներից տառապողների վիրավորանքը եւ հուսահատությունը։ Այս զեկույցով մենք ներկայացնում ենք տուժողների վկայությունները եւ պարտավորվում ենք արմատախիլ անել այդ սարսափելի հանցագործությունը»,- ասել է Հիլարի Քլինթոնը։

Զեկույցում, որը կազմված է Միացյալ Նահանգների առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարության, ամերիկյան գործադիր այլ կառույցների, օտարերկրյա կառավարությունների եւ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների տրամադրած տվյալների հիման վրա, պետությունները բաժանված են երեք խմբերի։

Առաջինում ընդգրկված են երկրներ, որտեղ խստորեն պատժում են թրաֆիքինգի կազմակերպիչներին եւ աջակցում են տուժողներին։ Այդ խմբում է Հայաստանի հարեւան Վրաստանը։

Երկրորդ խումբը, իր հերթին, բաժանված է երկու ենթախմբերի։ Հայաստանը առաջին ենթախմբում է, այստեղ են նաեւ Բելառուսը, Կոսովոն, Ղրղըզստանը, Չերնոգորիան, Պակիստանը, Ուկրաինան։ Այս ենթախմբի պետությունները ոչ ամբողջությամբ են համապատասխանում թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին ամերիկյան օրենքի նվազագույն պահանջներին, սակայն նշանակալից առաջխաղացում են գրանցել դրանց ձգտելու ուղղությամբ։

Զեկույցի հայաստանյան բաժնում նշվում է, որ կանայք թրաֆիքինգի են ենթարկվում առավելապես սեռական շահագործման նպատակով։ Նրանք հայտնվում են Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում։ Տղամարդկանց փոխադրում են աշխատացնելու համար՝ Ռուսաստան։

Հայաստանի ներսում նույնպես ջահել տղաներին հարկադրում են աշխատել, իսկ աղջիկներին եւ կանանց սեռական շահագործման են ենթարկում։ Զեկույցի համաձայն, Հայաստանում շահագործման են ենթարկվում նաեւ ռուսաստանցի կանայք։

Զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է ֆինանսավորել թրաֆիքինգից տուժողներին աջակցող ոչ կառավարական կազմակերպությունները։ Բացի այդ, անհրաժեշտ է առավել ակտիվ հետաքննել թրաֆիքինգի դեպքերը եւ խստորեն պատժել հանցագործներին, այդ թվում թրաֆիքինգի հետ առնչություն ունեցող պաշտոնյաներին։

Ներկայացված զեկույցում ասվում է, որ երկրորդ խմբի երկրորդ ենթախմբի երկրները նույնպես առաջխաղացում են գրանցել, սակայն այստեղ դեռ մեծ է թրաֆիքինգից տուժողների թիվը, չկան փաստեր, որոնք կարող են վկայել, որ երկիրը լրացուցիչ ջանքեր է գործադրել անցած տարիներին գրանցված թրաֆիքինգի առավել զարհուրելի դրսեւորումների դեմ պայքարելու համար, սակայն կան պայքարը հաջորդ տարվա ընթացքում խստացնելու մասին պետության կողմից տրված խոստումներ։ Այս խմբում է Հայաստանի հարեւան Ադրբեջանը։

Հայաստանի մյուս հարեւանը` Իրանը, երրորդ` ամենավատթար խմբում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG