Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱՊԿ-ի պետությունները որոշել են «անհապաղ օգնություն տրամադրել Ղրղըզստանին»


Kazakhstan -- Presidents Nursultan Nazarbaev, Dmitry Medvedev, Emomali Rakhmon, Kurmanbek Bakiev and Serzh Sarkisian at the Matybulak firing range, 16Oct2009

Kazakhstan -- Presidents Nursultan Nazarbaev, Dmitry Medvedev, Emomali Rakhmon, Kurmanbek Bakiev and Serzh Sarkisian at the Matybulak firing range, 16Oct2009

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների` Մոսվայում երեկ կայացած նիստից հետո կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ պետությունները որոշել են անհապաղ օգնություն ցուցաբերել կազմակերպության անդամ Ղրղըզստանին, ինչը նշանակում է, որ հայկական զորամիավորումները նույնպես կարող են հայտնվել կենտրոնասիական այդ երկրում։

1992 թվականին մայիսին ստեղծված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հիշեցնենք, անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանն եւ Հայաստանը։

Ռուսաստանի մայրաքաղաքում երեկ գումարված կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստից հետո, որին մասնկացել է նաեւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, մասնավորապես, հայտարարել է. - «Նախեւառաջ խոսքը Ղրղըզստանի ուժային կառույցներին եւ իրավապահ մարմիններին անհապաղ օգնության ցուցաբերելու մասին է, քանի որ ներկայումս Ղրղըզստանն ունի անհրաժեշտ ուժեր, բայց չեն բավականացնում հատուկ տեխնիկական միջոցները` ուղղաթիռներ, ցամաքային տրանսպորտային միջոցներ` արագ արձագանքման ուժերի տեղափոխման համար։ Բայց մենք առաջարկում ենք համալիր միջոցառուներ. բացի օգնության ցուցաբերումից` կլինի նաեւ «համատեղ գործունեության` անկարգությունների կազմակեչպիչներին հայտնաբերելու ուղղությամբ»։

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե կախված ՀԱՊԿ շրջանակում կայացվելիք որոշման ձեւաչափից, պարզ կլինի` Ղրղըզստան հայկական զորամիավորման ուղարկման համար հարկավո՞ր է արդյոք Ազգային ժողովի համաձայնությունը, թե՞ ոչ։

«Ընդհանրապես ՀԱՊԿ-ի շրջանակներում յուրաքանչյուր համաձայնագիր կարիք ունի խորհրդարանի վավերացման։ [Ազգային անվտանգության խորհուրդների] քարտուղարների խորհրդակցությունից հետո, խնդիրը պետք է քննարկեն նաեւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների նախագահները», - ասաց Կարապետյանը։

Անցած տարվա հունիսին Մոսկվայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ստորագրվեց Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը։ Ազգային ժողովում մեծամասնության` Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հղում կատարելով այդ համաձայնագրին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե չի կարծում, որ Ղրղըզստան հայկական զորախումբ ուղարկելու հարցը, եթե ծագի` կմտնի խորհրդարան, քանի որ «ՀԱՊԿ-ն արդեն կառույց է եւ ինքը կարող է իր ձեւաչափով որոշումներ կայացնել»։

Այդքանով հանդերձ, Սահակյանն ավելացրեց, թե իր տեղեկություններով Երեւանում դեռ որոշում չեն կայացրել հարցի առնչությամբ։

Խորհրդարանական ընդդիմադիր` «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, թե համաձայն կուսակցության ծրագրի` Հայաստանի ազգային անվտանգությունից է բխում մեր զինված ուժերի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, ինչը կարող է նպաստել Հանրապետության անվտանգության ապահովմանը։

«Իհարկե, սա չի նշանակում` կուրորեն ներքաշվել ամեն մի վայր, գնալ ամեն մի տեղ: Մեր սկզբունքներից բխում է, որ Հայաստանը կարող է մասնակցել ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ առաքելություններին` եթե դա լինի շատ հստակ»:, - եզրափակեց Սաֆարյանը:
XS
SM
MD
LG