Մատչելիության հղումներ

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած թատերական քննադատները կասեն իրենց կարծիքը հայ թատրոնի մասին


Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի (IATC) հերթական համաժողովը անցկացվում է Երեւանում՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, թեեւ Հայաստանը կազմակերպության անդամ չէ։

Կազմակերպության 25-րդ համաժողովը կբացվի չորեքշաբթի առավոտյան՝ Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում։ 5-օրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են ժամանակակից թատերարվեստի խնդիրները։ Բացի այդ, աշխարհի տարբեր երկրներից ժամանած 65 հեղինակավոր թատերագետներն ու թատերական քննադատները կազմակերպության նախագահ, կորեացի պրոֆեսոր Յան-Չեոլ Կիմի գլխավորությամբ, ամեն օր երեկոյան 2-ական բեմադրություն են դիտելու Հայաստանի թատրոններում եւ իրենց կարծիքն ու գնահատականն են տալու հայ թատրոնի մասին։ Նրանց կարծիքներն ու խոհերը, նաեւ խորհուրդները Այնուհետեւ կհրատարակվեն առանձին գրքով։ Հենց այս նպատակով էլ Հայաստանի թատերական գործիչների միությունը IATC հրավիրել է Հայաստանում անցկացնելու համաժողովը։ Ակնկալվում է նաեւ, որ համաժողովի ընթացքում Հայաստանն էլ կանդամագրվի Ասոցիացիային։

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հեղինակավոր քննադատների համաժողովը Հայաստանում անցկացնելու իր նախաձեռնությունը պայմանավորված է մեզ մոտ թատերական քննադատության վատ վիճակով։

«Քննադատությունը Հայաստանում շատ դեպքերում սկսեց դառնալ դեղին մամուլի շարունակություն, իսկ այդ պարագայում ընդամենը մեկ բան պետք է գրվեր՝ որ թատրոն չկա, ամեն ինչ մեռած է», - ասաց Ղազանչյանը՝ հույս հայտնելով, որ հեղինակավոր քննադատները «լավին կասեն՝ լավ, վատին կասեն՝ վատ»։

«Ես շատ եմ շրջագայում եւ համոզված եմ, որ ընդհանուր կարծիքը լինելու է դրական», - վստահեցրեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը։

Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի նախագահ Յան-Չեոլ Կիմն իր հերթին ասաց, որ, ցավոք, ժամանակակից հայ թատրոնը այնքան էլ ճանաչված չէ արտասահմանյան երկրներում, բայց խոստացավ, որ այս համաժողովի ավարտից հետո իրենք իրենց հոդվածներով առավել ճանաչելի կդարձնեն Հայաստանի թատրոնն ու թատերական գործիչներին։

«Մենք շատ հետաքրքրված ենք հայկական թատրոնով, մենք գրելու ենք դրա մասին, ձեր թատրոնի մասին խոսելու են տարբեր երկրներում, եւ ես հույս ունեմ, որ դա շատ օգտակար կլինի հայ թատրոնի համար», - ասում է Յան-Չեոլ Կիմը։
XS
SM
MD
LG