Մատչելիության հղումներ

Երեքշաբթի երեկոյան եռագույն շապիկներ ու դրոշներ կրող շուրջ 3 հազար երիտասարդների մասնակցությամբ Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց հայկական դրոշին նվիրված բեմականացված քայլերթը, որն անցնելով մայրաքաղաքի կենտրոնով կվերադառնա հրապարակ եւ կավարտվի եռահարկ «բերդ» շուրջպարով։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ տոնական այս միջոցառումներով փորձ է արվում նպաստել հանրության շրջանում Հայաստանի պետական դրոշի նկատմամբ առավել ջերմ եւ հարգալից վերաբերմունքի ձեւավորմանը։

«Եթե մենք համախմբվում ենք մեր դրոշի շուրջ, մենք լինում ենք ավելի ուժեղ, ավելի ազատ, ավելի հպարտ», - ասաց Պավել Սարգսյանը. - «Մենք պետք է հպարտ լինենք, որ մեզ թողնված է նման ժառանգություն»։

Միջոցառման կազմակերպիչները պատրաստվում են դիմել կառավարություն եւ Ազգային ժողով՝ դրոշի օրը պետական տոների շարքին դասելու առաջարկով։ Հունիսի 15-ը ընտրվել է որպես եռագույնի օր, քանի որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքը ընդունվել է 2006 թվականի հունիսի 15-ին։

Հասարակության մի ստվար զանգված ոչ միայն իր տան առջեւ կամ պատշգամբից չի կախում պետական այս խորհրդանիշը, դժվարությամբ է նշում դրոշի երեք գույները՝ հաճախ շփոթելով եւ նարնջագույնի փոխարեն նշելով գազարագույնը կամ ծիրանագույնը։

«Թե հանրային գիտակցության մեջ, եւ թե պետության տարբեր կառույցների կողմից դրոշի օգտագործումը ոչ ամբողջովին է մշակված, ինչով էլ պայմանավորված է պետական խորհրդանիշների, այդ թվում դրոշի նկատմամբ հասարակության անտարբեր վերաբերմունքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ - «Դրոշի համատարած օգտագործման մշակույթ այսօր Հայաստանում ձեւավորված չէ», - ասում է նա:

Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել մաշված, գունաթափված կամ կարմիրի, կապույտի ու նարնջագույնի միմյանցից բոլորովին տարբեր երանգներով կարված դրոշների:

«Մենք» հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը դրոշի նկատմամբ հասարակության վերաբերմունքը գնահատում է «ոչ պատշաճ», սակայն վստահ է՝ սա ժամանակավոր երեւույթ է վիճակը կարելի է շտկել։ Իսկ գունաթափված եւ օրենքով սահմանված գունային չափանիշներին չհամապատասխանող դրոշների համար հիմնադրամը կոնկրետ լուծում է առաջարկում. - «Հիմա դրոշները տպում են կտորի վրա եւ յուրաքանչյուր գույն պետք է ունենա համապատասխան գունային կոդ։ Հանգանակություն ենք կազմակերպելու եւ գնելու ենք սարքավորում, որով մեր դրոշը արտադրենք եւ բոլորին նվիրենք»։

Պավել Սարգսյանը վստահ է, որ յուրաքանչյուր տանը, յուրաքանչյուր հրապարակում պետք է տեղադրել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG