Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը շարունակում է հանդիպումները Հայաստանում


Մարգարեթ Սեկագյա

Մարգարեթ Սեկագյա

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան երեքշաբթի առավոտյան այցելել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել հիմնարկի պետի եւ մի քանի դատապարտյալների հետ, ինչպես նաեւ ուսումնասիրել է նրանց պահելու պայմանները:

Այնուհետեւ Սեկագյան հանդիպել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հետաքրքրվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծի, ինչպես նաեւ ձերբակալված ու կալանավորված անձանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներով:

Մարգարեթ Սեկագյան նույն օրը հանդիպել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կառավարության հաղորդագրության համաձայն` վարչապետն ու ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ընդհանուր վիճակին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է միջազգային փորձի կիրառումը Հայաստանում եւ դրանում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Ինչպես Մադրիդից հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց օմբուդսմենը, Մարգարեթ Սեկագյայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների վիճակը եւ Մարդու իրավունքների պաշտպանի կառույցին վերաբերող հարցեր: Սեկագյայի հարցին` արդյոք Հայաստանում պաշտպանվա՞ծ է Մարդու իրավունքների պաշտպանը, Արմեն Հարությունյանը, իր իսկ փոխանցմամբ, պատասխանել է, թե երկրում գոյություն ունեցող մոնոպոլ-օլիգարխիկ համակարգի պայմաններում լիարժեք պաշտպանվածության մասին խոսք լինել չի կարող:

Երեքշաբթի ավելի ուշ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հանդիպեց մարտի 1-ի իրադարձություններից հետո անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների կանանց, ինչպես նաեւ մայիսի 31-ին ձերբակալված, այնուհետեւ կալանավորված Դավիթ Քիրամիջյանի մորը:

Հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հետընտրական իրադարձություններից հետո անազատության մեջ գտնվող Աշոտ Մանուկյանի կինը՝ Անահիտ Կիրակոսյանը, ասաց, որ մանրամասն ներկայացրել է իր ամուսնու գործը՝ նշելով, որ իր ամուսնուն 5 տարվա ազատազրկման են դատապարտել քաղաքական հայացքների համար։

«Պետք է սպասենք, տեսնենք ինչով կարող են իրենք մեզ օգնել։ Մեր երկիրը այնքան ողբերգական վիճակում է, որ մենք օգնություն արդեն բոլորից ենք ուզում, բացի մեր կառավարությունից, մեր երկրից», - նշեց Անահիտ Կիրակոսյանը։

Մարգարեթ Սեկագյայի հետ հանդիպել է նաեւ մարտիմեկյան իրադարձություններից հետո 6 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Բարեղամյանի կինը՝ Գարունիկ Սողոմոնյանը։

Անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների կանայք Մարգարեթ Սեկագյայի հետ հանդիպման ժամանակ այնպիսի տպավորություն են ստացել, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը իրենց հետ համակարծիք է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցում։

«Ինքը համոզված էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Իր վերաբերմունքից, որոշ արտահայտություններից [դատելով]», - մասնավորապես, ասաց Անահիտ Կիրակոսյանը։

Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, հանդիպելով Մարգարեթ Սեկագյայի հետ, խոսել է զոհվածների անունից։

«Ներկայացրեցի դատարանում մեր բողոքարկելու պրոցեսը, մեր հանդեպ ոչ մարդկային վերաբերմունքը եւ, ընդհանրապես, որ սպանությունների հետ կապված ոչ մի աշխատանք չի կատարվում, եւ խնդրեցի ինչ-որ ձեւով միջամտեն, ստիպեն մեր իշխանություններին սպանությունները բացահայտել», - ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ հանդիպման մասին պատմեց զոհվածի մայրը։

Դավիթ Քիրամիջյանի մայրը՝ Ռութ Գեւորգյանն էլ, հանդիպելով Սեկագյային, պատմել է, որ իր որդուն ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել, հետո էլ ծեծի ենթարկողների փոխարեն իր որդուն են կալանավորել։

«Նա ընդամենը փորձել է պաշտպանել լրագրող Անի Գեւորգյանին, որը նկարահանում էր այդ ամբողջը», - հայտարարեց Ռութ Գեւորգյանը։
Այս ամենը լսելուց հետո ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը ընդդիմադիր գործիչների կանանց, «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, ինչպես նաեւ Դավիթ Քիրամիջյանի մորը խորհուրդ է տվել բոլոր այդ գործերի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրել իր գրասենյակին՝ խոստանալով բարձրացնել բոլոր այդ հարցերը եւ հնարավորության սահմաններում օգնել։
XS
SM
MD
LG