Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հուսով ենք, որ հայ - թուրքական գործընթացը տապալված չէ»


Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյան
Հայաստանը հուսով է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ թե վերջնականապես տապալված է, այլ առկախված: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական Profil ամսագրին տված հարցազրույցում:

«Ինչպես ասվել է շատ պարզ` մենք պատրաստ կլինենք շարժվել առաջ, եթե Թուրքիայում կրկին կլինեն գործընկերներ, որոնք պատրաստ կլինեն շարժվել առաջ եւ կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների», - ընդգծել է Նալբանդյանը:

«Մի քանի ամիս տեւած բարդ բանակցությունների արդյունքում մենք նշանակալից քայլ կատարեցինք հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` անցյալ տարի Ցյուրիխում ստորագրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ երկու արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանը սկսեց վավերացման գործընթացը, համապատասխան ընդունված ընթացակարգի` Սահմանադրական դատարանի որոշումը կայացվեց կանոնակարգով նախատեսված ժամկետից մեկ ամիս առաջ եւ արձանագրությունները երկրի հիմնական օրենքին համահունչ համարեց: Փետրվարի սկզբին հանրապետության նախագահը Լոնդոնի Չեթըմ Հաուսում իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանը, որտեղ նախագահի ղեկավարած կուսակցությունը բավարար մեծամասնություն ունի, կվավերացնի արձանագրությունները, հենց որ Թուրքիան անի դա», - նշել է Հայաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Թուրքական կողմը, որն ունի ավելի պարզ վավերացման գործընթաց, գործնականում այդ ուղղությամբ որեւէ քայլ չկատարեց, բացի արձանագրությունները խորհրդարան ուղարկելուց, եւ արդեն փաստորեն 9 ամիս արգելափակում է վավերացման գործընթացը»:

Գործընթացի կասեցման հիմնական եւ միակ պատճառը, ըստ Էդվարդ Նալբանդյանի, «Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորումն այլ հարցերի հետ կապելու փորձի վերսկսումն է». - «Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան հետքայլ արեց եւ նորից սկսեց խոսել նախապայմանների լեզվով, օրինակ` հայ - թուրքական կարգավորման գործընթացը փորձելով կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման հետ: Ոչ միայն Հայաստանը, այլեւ գործընթացին աջակից եւ միջնորդ երկրները, ամբողջ միջազգային հանրությունը հրապարակավ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը կապ չունի հայ - թուրքական կարգավորման գործընթացի հետ: Եվ դրանք կապակցելու փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ»:

Թուրքիայում անօրինական բնակվող հայերին արտաքսելու` երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի սպառնալիքներին վերաբերող հարցին, թե «արդյոք դա հիշեցնո՞ւմ է 1915-ի զոհերի ողբերգական տեղահանումները», Նալբանդյանը արձագանքել է. - «Այդպիսի ակնարկներն ինքնին խոսուն են: Դրանք նշանակում են, ինչն, իհարկե, ափսոսանք է առաջացնում, որ ժամանակակից Թուրքիայում որոշ առաջնորդներ չեն հրաժարվել օսմանյան շրջանի անհանդուրժողական եւ ռասիստական մոտեցումներից: Իհարկե, այդ հայտարարությունը ցնցող էր բոլորի համար եւ ոչ միայն Հայաստանում: 1914-1915-ին հենց այդպիսի հայտարարություններով է սկսվել Հայոց ցեղասպանությունը: Ավելի ուշ, 20-րդ դարի վերջին Ադրբեջանում հայկական բնակչության ջարդերն ու տեղահանումները եւս ուղեկցվում էին այդպիսի ռասիստական հայտարարություններով»:

«Ինչո՞ւ է այդքան կարեւոր Հայաստանի համար, որ Թուրքիան ընդունի «ցեղասպանություն» ձեւակերպումը», - այս հարցին Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է. - «Գործընթացի ամենասկզբից մենք ասել ենք մեր թուրք գործընկերներին, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը: Մենք չառաջադրեցինք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իբրեւ հարաբերությունների կարգավորման նախապայման, թեեւ դա բավականին բարդ էր մեզ համար: Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ, որպեսզի հնարավորություն ունենա ապագա կառուցելու»:

«Ես հուսով եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա կարեւոր է հենց Թուրքիայի համար: Թուրքիայում շատերը սկսում են հասկանալ դա, իսկ Թուրքիայից դուրս գրեթե որեւէ մեկը կասկած չունի այդ առումով», - հայտարարել է Նալբանդյանը հարցազրույցում, որի տեքստը տարածել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Հարցին, թե «ի՞նչ է պահանջում Հայաստանը, բացի Թուրքիայի կողմից պատասխանատվության ընդունումից», Էդվարդ Նալբանդյանը արձագանքել է. - «Իր անկախացումից սկսած Հայաստանը երբեք որեւէ հայտարարություն չի արել տարածքային պահանջների վերաբերյալ: Դժբախտաբար որոշ թուրքական քաղաքական ուժեր օգտագործում են նման փաստարկներ թուրքական հասարակությունում վախ սերմանելու համար»:

Իսկ ֆինանսական փոխհատուցման պահանջները, արտգործնախարարի խոսքերով, «հիպոթետիկ հարց է». - «Ամբողջ աշխարհում կան այն ժամանակ իրենց սեփականությունը կորցրած հայերի ժառանգներ: Նրանք կարող են իրավական ուղիներով փորձել բավարարել իրենց պահանջները` անկախ այն բանից ցեղասպանությունը ճանաչված է, թե` ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG